Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը
Այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի՝ museumsarmenia.am կայքի շնորհանդեսը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:
«Հարթակը լավ միջոց է` թանգարաններին նորովի առնչվելու և հաղորդակցվելու այցելուների հետ՝ ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ ստանում ենք թափանցիկ և հաշվետվողական դաշտ, որն ապահովում է հասանելի և մատչելի ծառայություն քաղաքացիների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:
Նախարարը խորհրդանշական է համարել, որ նոր համակարգը մեկնարկելու է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքից, ինչն իրադարձային է մեր մշակութային կյանքում և կարևոր քաղաքականության մաս է կազմում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ գործընթացը փուլային ծրագիր է, որում ի սկզբանե ընդգրկվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, սակայն գերատեսչությունը բաց է համագործակցության համար թե՛ համայնքային, թե՛ մասնավոր թանգարանների հետ:
Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ համակարգի ներդրման արդյունքում թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու:
Նա հիշեցրել է՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է տոմսերի գնային նոր մշակված քաղաքականությունը, համաձայն որի՝ մայիսի 1-ից նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է: 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար թանգարանների տոմսերը հասանելի են 50 տոկոս զեղչով:
Ալֆրեդ Քոչարյանը նաև տեղեկացրել է՝ տոմսերի վաճառքը թանգարանների ներսում ևս շարունակվելու է. «Սա հավելյալ տարբերակ է, որը կօգնի առցանց և ավելի հարմարավետ եղանակով ձեռք բերել տոմսեր, բայց, բնականաբար, եթե մուտք եք գործել թանգարան, ներսում ևս կարող եք տոմս գնել: Սա նաև հնարավորություն կտա տոմսերը նախապես ձեռք բերելու. սեպտեմբերի 21-ին կայանալիք ցուցադրության տոմսերն ավելի շուտ գնելը կօգնի խուսափել հերթերի գոյացումից»: