«Բարկանո՞ւմ ես…». Նարինե Գրիգորյանը մեկ ներկայացման մեջ Թումանյանի և Անդերսենի նույն թեմայով ստեղծագործություններն է միավորել
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում սեպտեմբերի 9-ին, 10-ին պրեմիերա է՝ «Բարկանո՞ւմ ես…»։ Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»:
Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է թեման՝ ԲԱՐԿԱՆԱԼԸ: Բարկանալ, թե՞ չբարկանալ- այս է խնդիրը: Չէ՞ որ բարկացողը շատ բան է կորցնելու...
Բեմադրիչ Նարինե Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասն պատմեց, թե ինչու է մեկ ներկայացման մեջ ընդգրկել հենց Հովհաննես Թումանյանի և Հանս Քրիստիան Անդերսենի այդ ստեղծագործությունները. ««Տերն ու ծառան» բոլորս գիտենք։ Հետաքրքիր է, որ դանիացի հայտնի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթն էլի բարկանալու մասին է, բայց այս դեպքում իրավիճակն այլ լուծում է ստանում։
Երբ նույն թեմայով հայկական հեքիաթն ու այլ երկրի հեքիաթը համեմատում ես, զգում ես ազգային յուրահատկությունը։ Նույնիսկ մտածում էի նման գիծ ստեղծել. օրինակ, «Բարոն Մյունհաուզենը» և «Սուտլիկ որսկանը»։ Անմիջապես զգացվում է, թե որը որ ազգին է պատկանում։
Ուզում էի բարկանալու թեման ավելի ծավալուն դարձնել, միայն «Տերն ու ծառա»-ով չպատմեի, պատմել նաև այլ հեքիաթ, որտեղ կինը չի բարկանում և ինչպես են հարստանում, այսինքն հակառակն է տեղի ունենում։
Արցախյան դեպքերից հետո մեր հասարակությունը շատ պայթյունավտանգ, նյարդային է դարձել։ Իրականում այս թեման մեծերին էլ է վերաբերվում՝ կարողանալ զայրույթը ճիշտ պահին զսպել։ Ուզել էի այդ թեման շատ ուրախ պատմել, ներկայացնել»։
Նա նշեց, որ երկու ստեղծագորությունները տարբեր կերպ են ներկայացնում բարկանալու թեման ու նույն թեմայի շուրջ մոտեցումները տարբեր են։
«Կարող եմ ասել հայկականը շատ հեշտ էր ստացվում։ Շատ ենք ծիծաղել փորձերին, իսկապես մեծ հաճույք է պատճառել»,- ասաց բեմադրիչը։
Բեմադրության ձևավորման հեղինակն է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը։ Ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ։ Մի մեծ ծառի տակ Hamazgayin band-ն է և հենց երաժիշտները երբեմն լինում են հյուրերը, որոնք հյուր են գնում տիրոջ տուն։
Նարինե Գրիգորյանն ասաց, որ երբեք մանկական ներկայացումներ չի բեմադրել։
«Պատերազմից, արցախյան դեպքերից հետո սկսեցի Հովհաննես Թումանյանին հասկանալ, թե ինչպես է այդ մեծ պոետը մանկագիր դարձել։ Ինչքան է կարևորել երեխաներին, որոնք ապագա Հայաստանն են։ Մանկական ներկայացումներ անելու միտքը միշտ կար, բայց հիմա շատ խորն է իմ մեջ։ Հիմա հասկանում եմ, որ եթե ուզում ենք վաղն ունենալ պայծառ Հայաստան, պետք է այսօրվա երեխային այդ պայծառությունը տալ, հաղթելու գաղափարը։
Օրինակ, ինչպես է «Տերն ու ծառայում» երկրորդ եղբայրը թեկուզ խորամանակությամբ, ոչ անպայման ուժով, գոռգոռալով, հաղթում։ Այսինքն, ինչպես կարելի է դիվանագիտությամբ հաղթել։
Ասում եմ՝ ինձ համար երեխաները ամենակարևոր են ու պետք է անպայման մանկական խաղացանկ ունենալ»,- նշեց Նարինե Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հնարավոր է հունվարից արդեն գործի նոր շենքում
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն Արցախում է
- Իրանում զգում էինք հատուկ վերաբերմունք ու հարգանք հայերի նկատմամբ. Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված կլինեն պրեմիերաներ, նոր նախագծեր
- Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման աննախադեպ հաջողությունը՝ Չեխովյան հեղինակավոր փառատոնում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան