Առցանց տարբերակով մեկնարկում է ՀՊԹ-ում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության տոմսերի նախավաճառքը
Առցանց տարբերակով մեկնարկում է սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի նախավաճառքը։ Այս մասին հայտնում են Պատմության թանգարանից։
«Մայր աստվածուհու կերպարը և պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել քարի դարի շրջանում և անցել է փոփոխությունների տևական ընթացք՝ կախված տարբեր ժամանակաշրջանների աշխարհայացքային և գեղագիտական առանձնահատկություններից։ Մարմնավորելով «ծնող և վերարտադրող» կնոջ բնույթը՝ այն ներկայացվում էր որդեծնության ընդունակության տեսքով որպես առանձնահատուկ գոյի՝ տոհմի շարունակականության արտահայտություն։ Հետագայում ձևավորվում են Մայր աստվածուհու մի շարք այլ գործառույթներ։
Նրա կերպարը դիցաբանական համակարգում ուրույն տեղ է ունեցել՝ համարվելով գլխավոր «տիեզերաստեղծ աստվածություններից» մեկը։ Առանձնակի շեշտվում է նրա «արարման ստեղծագործ սկիզբ» լինելու գործառույթը դրսևորվում է որպես աստված-արարչի մայր և կին լինելում, ինչը բխում է կնոջ և Մայր հողի նույնացման գաղափարից։ Մայր աստվածուհու պաշտամունքն առնչվում է բուսական և կենդանական աշխարհի, մարդկանց և աստվածների, հետևաբար ամեն կյանքի սկզբնավորման գործառույթին։
Մայր աստվածուհին է կենսաբեր ջրերի ակունքը, որտեղից սկիզբ է առել տիեզերքի եռամասնությունը։ Մայր աստվածուհին որպես պտղաբերության խորհրդանիշ նյութական բարիքներ, առատություն և բարեկեցություն նվիրողն է, և առևտրի հովանավորը։ Դրանով է պայմանավորված, որ այդ աստվածուհիները եղել են նաև քաղաքների հովանավոր։ Որպես ստորին աշխարհը կառավարող աստվածուհիներ, նրանց գործառույթները կապվել են ճակատագրի, գուշակությունների և հմայական ծեսի հետ։ Պտղաբերության աստվածուհիներին հաճախ վերագրվել է նաև ռազմական բնույթի գործառույթներ։
Քրիստոնեությունից սկսած կին աստվածությունների բազմագործառույթ կերպարը՝ իր ծիսապաշտամունքային դրսևորումներով ամբողջացվեց Մարիամ Աստվածածնի կերպարում։ Մարիամ Աստվածածինը ընդունեց հայոց դիցարանում պտղաբերության Անահիտ աստվածուհու հատկանիշները։ Հաճախ տաճարները վերածվեցին Աստվածածնի տաճարների, իսկ տոները՝ Աստվածածնի տոների»,- նշված է ցուցադրության նկարագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը գումար հատկացրեց Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում ցուցադրելու և հանրահռչակելու համար
- Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան