Երևանի նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը
Երևանի «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը՝ իրենց բողոքը հայտնելով հետիոտնային անցումների հարցի վերաբերյալ։ Թաղամասն արդեն բնակեցված է, բայց հարակից փողոցներում հետիոտնային անցումներ չկան, իսկ քաղաքապետարանը, բնակիչների խոսքով, հստակ չի պատասխանում, թե երբ կլուծի հարցը։
«3-4 ամիս ապրում ենք այս թաղամասում, տանից դուրս գալը ոտքով անհնար է։ Խանութները մոտ չեն, նույնիսկ մեկ հաց առնելու համար ստիպված ենք փողոց անցնել չթույլատրված վայրով»,- ասաց բնակիչներից Մարիամ Կարապետյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետարանից ասել են՝ առաջիկա 20 օրվա ընթացքում կլինի հետիոտնային անցում, նա նշեց. «Դա փողոցի ավելի լայն հատվածում է լինելու, մեզ հարմար չէ։ Կարծեք՝ ավելի շատ «Երևան պարկի» այցելուների համար է»։
Ակցիայի մեկ այլ մասնակից ասաց, որ այս ակցիայով փորձում են քնից արթնացնել քաղաքային իշխանությանը, որպեսզի այս թաղամասի բնակիչներից ստացած դիմումներին, բողոքներին արձագանքեն։
«Մենք պահանջում ենք մինչև սեպտեմբերի 1-ը մեր նշած հատվածում լինի զեբրա, կանչով լուսացույց, իսկ արդեն հետագա ամիսներին ստորգետնյա, կամ վերգետնյա անցում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Բնակիչների խոսքով, թաղամասով չի անցնում հանրային տրանսպորտ, կանգառներ չկան։