Ծառագետ․ Ցանկությունս է՝ մասնագետներն ավելի լսելի լինեն քաղաքային իշխանությունների համար
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը զբաղվում է նաև քաղաքի կանաչապատման, ծառերի բուժման և փոխարինման աշխատանքներով։ Մասնագետից հետաքրքրվեցինք, թե որքանով են աշխատնքներն իրականացվում գրագետ։ Օրինակ՝ կառույցը պարբերաբար հայտարարում է Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի սրսկման աշխատանքների մասին։ Այն անհրաժեշտ է վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար իրականացնելու համար։ Հատուկ տեխնիկան շրջում է փողոցներով և դեղորայքը ցողում է ծառերին։ Կենսաբան, ծառագետ Տիգրան Հայրապետյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր տեխնիկան գնալով զարգանում է։
«Հասկանալի է, որ մեծ տեխնիկա չունեն՝ ծառերի գագաթները սրսկելու և աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, բայց կան գյուղատնտեսական դրոններ, որոնք շատ ավելի էժան են, քան բեռնատար սրսկիչը։ Չեմ կարծում, որ Երևանի քաղաքային բյուջեի համար դրանք հասանելի սարքեր չեն։ Այն ձեռք բերելու դեպքում կարելի է էլ ավելի գրագետ կերպով իրականացնել ծառերի բուժման աշխատանքները»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ծառերի էտման աշխատանքներին , ապա մասնագետը կարևորեց այն հարցը, թե տարվա որ ժամանակահատվածում է այն իրականացվում և ինչ նպատակով։
«Էտման ժամանակահատվածն ընտրվում է ծառի առանձնահատկությունից ելնելով, եթե այն հիվանդանել է,պետք է խուսափել հիվանդության տարածումից, ապա անկախ ժամանակաշրջանից այն պետք է էտել։ Միջազգային պրակտիկայում կան հստակ մշակված ուղեցույցեր ,ավելին՝ մեր երկրում կան շատ լավ մասնագետներ, որոնք մասնավոր հատվածի համար շատ լավ աշխատում են։ Մասնավոր այգիներում ու պուրակներում թե՛ ծառերի բուժման, թե՛ ձևավորման աշխատանքները շատ լավ իրականցնում են։ Պարզապես պետք է լինի նպատակ՝ այդ մասնագետներին հրավիրելու, շահագրգռելու և աշխատանքի հրավիրելու համար։ Երևանում այսօր կան բնակելի տներ, որոնց այգիները շատ լավ խնամված են, հետևաբար՝ այդ աշխատանքներն իրականացնող մարդիկ կան»,- ասաց Հայրապետյանը։
Ըստ Հայրապետյանի՝ առհասարակ պետք է վերանայել մոտեցումն այս ոլորտում, ծառերը բուժելու փոխարեն հատվում են կամ խորը էտվում։
«Օրինակ՝ թեղիների համատարած հատմանը ես դեմ եմ արտահայտվել, քանի որ կածում եմ՝ կանաչ ֆոնդը չտուժելու համար պետք է հատ-հատ փոխարինել։ Նրանց մեջ կային ծառեր, որ կարող էին բուժել։ Այս դեպքում, կարծում եմ, նորից ֆինանսական հանգամանքն է դեր խաղացել՝ ավելի մատչելի է փախարինումը, քան բուժման վրա ծախսեր անել։ Հիվանդ ծառերի փոխարինումն, իհարկե, պետք է իրականացնել, սակայն՝ ոչ համատարած։ Ֆունկցիոնալ տեսանկյունից թեղին Հայաստանում բավականին լավ տեսակ է։ Պարզապես ունենք թեղու կեղևակերի խնդիրը, որի բուժումը չեն կարողանում գտնել, դրա համար ընտրեցին «վիրաբուժական» մոտեցումը։ Կարծում եմ՝ այն աղմուկը, որը եղավ, քաղաքային իշխանությունն ավելի լուրջ կվերաբերվի նման հարցերին»,- ավելացրեց մասնագետը։
Ծառագետը հույս հայտնեց, որ քաղաքային իշխանությունների համար լսելի կլինեն մասնագետների կարծիքները։
«Ցանկությունս է, որ մասնագետներն ավելի լսելի լինեն քաղաքային իշխանությունների համար։ Ի վերջո մենք խոսում ենք ոչ թե մեր, այլ ապագա սերունդների համար»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քրիստինա Վարդանյան. Դե հավաքեք ձեր գեղազարդ ծառերն ու աղբանոցը նետեք
- Կանաչ գոտի դարձնելու պատճառաբանությամբ Երևանի քաղաքապետարանը պտղատու և դեկորատիվ ծառեր է հատում. Ավագանու անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին