Այսօր Մուրադ Կոստանյանի ծննդյան օրն է
Իսահակյանի անվան գրադարանի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է դերասան Մուրադ Կոստանյանին.
«Ես մի դերասան եմ, որն իր ողջ կյանքը նվիրել է փոքր մարդկանց կյանքին, նրանց ապրումներին, հույզերին, ուրախ ու տխուր պահերին»։
Մուրադ Կոստանի Կոստանյան ․ փոքր դերերի մեծ դերասանը
Մուրադ Կոստանյանին արվեստասերներն այսօր հիշում են հայ կինոյում ունեցած նրա մեծ ու փոքր դերերով։
Սակայն, մինչև կինոյում հայտնվելը, Կոստանյանը խաղացել է թատրոնում, դառնալով խաղընկեր այնպիսի մեծ անունների, ինչպիսին են Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և այլք։
Մի անգամ «Մարտակոչ» ներկայացման մի դրվագում, երբ Հովհաննես Աբելյանը ըստ դերի պիտի հենվեր Մուրադ Կոստանյանի վրա, վերջինս չի դիմանում հաղթանդամ Աբելյանի ծանրությանը և երկուսով փռվում են հատակին։
Այս դեպքից հետո Աբելյանն ասում է.
«Դերասանը բեմում պետք է կարողանա լինել այնպիսին, ինչպիսին իր խաղացած կերպարն է»։
Կոստանյանը վստահեցնում է, որ այս փոքրիկ դասը հետագայում միշտ հիշել է։
Կինոյում, ինչպես թատրոնում Մուրադ Կոստանյանը հիմնականում ունեցել է փոքր դերեր։ Սակայն, նա իր այդ փոքր ու երկրորդական դերերով էլ տպավորել ու ուշադրություն է գրավել։
Յուրաքանչյուր կերպարում փորձել է գտնել կատակերգական տարրեր, որով էլ հենց դարձել է սիրելի ու հիշվող հանդիսատեսի համար։
«Ես խարակտերային կոմիկ դերասան եմ։ Եվ անչափ գոհ եմ, որ այդպիսին եմ, քանի որ այդ կարգի դերերը անսահման հնարավորություն են տալիս դերասանին։
Գույներն առատ են, գունապատկերը հարուստ. փնտրիր ինչքան կարող ես։
Հենց սկզբից, ամենառաջին քայլերից սկսած, ես իմ տարերքի մեջ եմ եղել»,- ասել է դերասանը։
Մուրադ Կոստանյանը ֆիլմերում ստեղծել է բազմաթիվ կերպարներ , սակայն նրան իրական հռչակ է բերում 1975 թվականին Ներսես Հովհաննիսյանի «ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ » ֆիլմում Մուրադի դերակատարումը։
Այս ֆիլմից հետո սիրված դերասանին ոչ միայն ճանաչում էին բոլորը, այլ նաև նրա կերպարը ընօրինակում էին ու բազմաթիվ մտքեր թևավոր խոսք դարձած կիրառում կյանքում։
«Ուզում ա ես կատաղեմ», «Եթե ասում եմ ես, ուրեմն Արուսը հետս ա», «Ջրի գող էլ դառանք», «Ուրեմնս ես` Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ ու ինձ ասեն նյե՞տ» և այլն։
Ինքը դերասանը հիշում է.
«Այս ֆիլմից հետո ես այնքան հայտնի էի դարձել, որ փողոցում հետևիցս գոռում էին. «Մուրադ, Մուրադ»։
Շրջվում էի` մարդիկ նույնությամբ կրկնում էին. «չբռնեմ կատաղե՞մ»։
Ավելի հետաքրքիր էր շուկայում։
Բոլոր վաճառողներն ուզում էին, որ իրենց մոտենամ ու բոլորն իրենց ապրանքը համարյա կես գնով էին ինձ վաճառում։
Ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին միշտ ասում եմ.
«Դու իմ դերակատարման համար ինձ այնքան փող չտվեցիր, որքան շուկան է ինձ տալիս»։
Մուրադ Կոստանյանը մահացավ 1992 թվականին, երբ մեր երկրում պատերազմ էր, ցուրտ ու մութ։
Ճիշտ է, նրա մահն աննկատ մնաց այն սարսափելի ծանր օրերին, սակայն ժողովուրդը նրան չմոռացավ։
Մուրադ Կոստանյանի մասին շարունակում են պատմել նրա կինոդերերը, որոնք նույնքան սիրելի են նաև մեր օրերում։
Նյութը ` Armenia an ancient land _ֆեյսբուքյան էջից...»,- ասվում է գրառման մեջ։
Մուրադ Կոստանյան
25 օգոստոս, 1902 - 3 հունվար, 1989
Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում: 1920-25թթ և 1927-28թթ սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, 1925-27թթ աշխատել Թիֆլիսի հայկական թատրոնում` որպես դերասան: Եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) հիմնադիրներից, որտեղ աշխատել է 1928թ-ից: 1930թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:
Կերտել է կատակերգական և բնութագրական ավելի քան 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Փայլակ), Ա.Օստրովսկու «Անտառ» (Սչաստլիվցև), «Կատաղի փողեր» (Գրիգոր), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Պրոպոտեյ), Կ.Գոլդոնիի «Ձկնորսներ» (Ֆորտունատո), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Սերոբ), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Խաչո), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Խարիտոնով), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Եպիխոդով), Բ.Նուշիչի «Փիլիսոփայության դոկտոր» (Բլագոյ), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Սարգիս), Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Լևիցկի) և այլն:
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Լույս և ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսներ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «01-99» (1959թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն:
1934թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալել, 1944թ-ից դերասանական արվեստ է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
- «Հարսնացուն հյուսիսից». Մայր թատրոնի բեմում մայիսի 16-ին