ՆԳՆ-ի դիմաց բախվել են «Opel»-ն ու «ԶԻԼ»-ը, անչափահաս տղան տեղում մահացել է
Օգոստոսի 25-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ա․ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց (Հերացու թունելի մեջ) բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արմեն Հայրապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Մշեցյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ն․ Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Հարությունյանը տեղում մահացել է։Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատի վրա, իսկ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան հիվանդանոց են տեղափոխել «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է «Opel»-ի ուղևորի մահը և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «ԶԻԼ»-ի վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով Տ․ Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկությունը մի քանի ժամ Հերացու թունելից դեպի Խանջյան փողոց՝ դադարեցվել էր»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հղի կնոջը տեղափոխող շտպօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
- Թիվ 36 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասավ 20-ի