Գոշավանքում «Իրավունքի պաշտպանության» ամառային դպրոցի դասախոսություններն ունկնդել են նաև նաև այցելուները
Օգոստոսի 25-ին ավարտվել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» (Ռուբեն Մելիքյան, Վարազդատ Հարությունյան, Արսեն Բաբայան, Սերգեյ Հարությունյան, Վահան Հովհաննիսյան) կողմից Գոշավանքում կազմակերպված «Իրավունքի պաշտպանության» ամառային դպրոցը։ Ծրագրի գործընկերներն էին Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ հնգօրյա ծրագրի շրջանակներում ուսանողները ունկնդրել են իրավապաշտպանությանը վերաբերող դասախոսություններ, մասնակցել գործնական պարապմունքների ու դատախաղի։
Ծրագրի ամփոփման ժամանակ դատախաղի ժյուրին (2011-2023թթ. դատավոր Դավիթ Հարությունյան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյան, իրավապաշտպան Արսեն Բաբայան) հայտարարել է դատախաղի հաղթողներին, ինչպես նաև ներկայացրել խնդրո առարկայի վերաբերյալ մասնագիտական նկատառումներ։
Հրաժեշտի խոսքում Գոշավանքի վանահայր Տեր Թադևոս քահանա Թադևոսյանն ամառային դպրոցի մասնակիցներին հորդորել է հետևել Մեծ վարդապետի՝ Մխիթար Գոշի օրինակին և մշտապես ձգտել արդարության։
Կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ հաջողված փորձի հիման վրա՝ ծրագիրը դառնա շարունակական, ինչպես նաև հույս է հայտնել, որ այն օրինակ կդառնա մասնագիտական այլ ոլորտների համար։
Ամառային դպրոցն ուներ թե՛ մասնագիտական և թե՛ հայրենաճանաչողական ու պատմաճանաչողական բնույթ։ Դասընթացները բաց էին Գոշավանքի այցելուների համար։ Շատ այցելուներ ունկնդրում էին դասախոսությունները և նույնիսկ մասնակցում քննարկումներին։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 21-ին Գոշավանքում կտանք «Իրավունքի պաշտպանության» ամառային դպրոցի մեկնարկը. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին