Ճապոնիան հայտարարել է իր օդային տարածքը խախտելու դեպքի մասին
Ճապոնիայի փոխարտգործնախարար Մասատակա Օկանոն Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Շի Յոնգին կանչել է գերատեսչություն՝ Չինաստանի կողմից երկրի օդային տարածքի խախտման դեպքի առնչությամբ։ «Իզվեստիան» գրել է, որ այդ մասին երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, ասված է Ճապոնիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 26-ին հաստատվել է, որ չինական հետախուզական ինքնաթիռը (Y-9) խախտել է Ճապոնիայի օդային տարածքը Նագասակի պրեֆեկտուրայի կղզիների վրայով մոտ երկու րոպե՝ սկսած ժամը 11:29-ից։ Ի պատասխան՝ նույն օրը մոտավորապես ժամը 17:20-ին փոխարտգործնախարար Մասատակա Օկանոն գերատեսչություն է կանչել դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին»,-ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ Տոկիոն բողոքի նոտա է հղել Պեկինին այն բանից հետո, երբ չինական հետախուզական ինքնաթիռը երկուշաբթի օրը խախտել է նրա օդային տարածքը, ինչը ճապոնացի հրամանատարներին ստիպել է կործանիչներ բարձրացնել երկինք:
Ըստ ճապոնական զինվորականների՝ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի մարտը նրա ինքնաթիռները օդ են բարձրացել գրեթե 669 անգամ, որոնցից մոտ 70%-ն ուղղված է եղել չինական ռազմական ինքնաթիռների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա իր կուսակցության հետ կապված ֆինանսական սկանդալի պատճառով
- Փարիզի օլիմպիական խաղերում մեդալների հաշվարկով լավագույն եռյակում են՝ Ճապոնիան, Ֆրանսիան, Չինաստանը