Հայաստանում դեռևս 40 տարի առաջ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը
Երևանի պետական բժշկական համալսրանը դեռևս 40 տարի առաջ /1985-1999թ․թ․/ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը։
Արևմտյան Նեղոսի տենդը դասվում է արբովիրուսների շարքին։ Առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների՝ հիմնականում տզերի և մոծակների միջոցով։ Գոյություն ունի արբովիրուսների 500-ից ավելի տեսակ, որոնցից 100-ից ավելին պաթոգեն են մարդու համար։
Բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի կողմից Հայաստանում գիտական հետազոտություններ են անցկացվել 1985-1999թթ։ Դրանք ներառում են համաճարակաբանական, էնտոմոլոգիական, միջատաբանական, վիրուսաբանական և սերոլոգիական հետազոտություններ։
«Ամեն տարի՝ աշնանը և գարնանը (հիվանդացության պիկի շրջանում), մեր միջատաբանի հետ եղել ենք ՀՀ 10 մարզերում․ 118 բնակավայրից հավաքել ենք մոծակներ և տզեր, որոնց ուսումնասիրության արդյունքները պահվել են։ Ապա կատարվել է վիրուսաբանական հետազոտություն նորածին՝ 1-2 օրական մկների վրա․ հենց այս մկներն են, որ շատ զգայուն են արբովիրուսների նկատմամբ», - նշում է Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը։
Ի՞նչն է բնորոշ արբովիրուսներին։
Աշխարհում արբովիրուսների փոխանցումը տեղի է ունենում հիմնականում թռչունների և կրծողների միջոցով։ Չվող թռչունները վարակված են լինում վիրուսով, տիզը կամ մոծակը, կծելով նրանց, ինքն է վարակվում և հետո կարող է փոխանցել մարդկային պոպուլյացիային։
Արբովիրուսներն ունեն վառ արտահայտված սեզոնայնություն։
Կան հարուցիչներ, որոնք կարող են ընթանալ շատ թեթև՝ գրիպանման երևույթներով, սակայն հնարավոր են նաև ծանր ձևեր։
«Հայաստանի 10 մարզից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։
Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա», - նշում է Հասմիկ Հովհաննիսյանը։
Վիրուսի տրանսմիսիվ փոխանցման բնական օջախները, նրա խոսքով, կարող են երկար գոյատևել և անհանգստություն չպատճառել, բայց վերջին շրջանում բնակլիմայական փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ, չվող թռչունների մեծ հոսքով պայմանավորված՝ իրավիճակն այլ է։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։
Վարակը մարդուն փոխանցվում է կենդանի փոխանցողներից՝ տզերից, մոծակներից, մարդուց մարդ վարակը չի փոխացնվում։ Բայց, իհարկե, պետք է զգոնությունը բարձր պահել և օգտագործել հետազոտության տվյալները։
Այս պահի դրությամբ՝ չկա ո՛չ սպեցիֆիկ բուժում, ո՛չ պատվաստանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր է գրանցվել
- Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք
- Կանխարգելիչ միջոցառումներ՝ Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար
- Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 4 հիվանդի վիճակը ծանր է