ՀՀ ԶՈՒ բարեփոխումները պիտի լինեն խորքային ու թիրախային. Բագրատ սրբազան
Օգոստոսի 26-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը ներկայացրեց շարժման ծրագրային դրույթները.
«Անվտանգային խնդիրներ. ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խիստ լարված է: Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից, իրականացվող այսպես կոչված սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Բաքվի կողմից հնչող նախապայմանները (այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ու ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի օրակարգ, ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը Անկախության հռչակագրին, բայց որևէ կերպ չի բացառվում, որ այլ պահանջներ ևս ներկայացվեն), նաև՝ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունն առաջնահերթ են դարձնում անվտանգային համակարգի վերակազմավորման ու ամրապնդման խնդիրները:
Վերջինս պիտի ներառի պետության անվտանգային համակարգի ինչպես ներքին բաղադրիչը՝ ազգային բանակն ու դրա մարտունակության շարունակական բարձրացման հարցերը, այնպես էլ արտաքին բաղադրիչը՝ ի դեմս դաշնակիցների հետ հարաբերությունների՝ վերականգնման միտումով վերանայման, խնդիրների վերհանման ու կառուցողական մթնոլորտում լուծումների փնտրտուքի:
Բարեփոխումներ Զինված ուժերում. ՀՀ ԶՈՒ բարեփոխումները պիտի լինեն խորքային ու թիրախային՝ ուղղված առկա խնդիրների լուծմանը, նոր մարտահրավերներին բանակի պատրաստվածության ապահովմանը: Անհրաժեշտ է անվտանգության հիմնարար, ներքին բաղադրիչի՝ ՀՀ ԶՈՒ վերականգնում, որը ներառում է՝ բանակի արդիականացում՝ կրթական ծրագրերից մինչև նորագույն սպառազինությունների ձեռքբերում, ՀՀ ԶՈՒ պատշաճ ֆինանսավորում, սպայի հեղինակության ու բանակի, զինվորականության հանդեպ հարգանքի վերականգնում, ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ հետևողական պայքար և այլն:
Պետության ուշադրության ու իրական, գործուն հոգածության կենտրոնում պիտի լինեն ռազմական գործողություններին մասնակցած, հայրենիքի համար կյանքն ու առողջությունը նվիրաբերած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները:
Անվտանգություն՝ լայն իմաստով. Հայաստանի անվտանգային խնդիրները չեն սկսվում ու ավարտվում միայն արտաքին սպառնալիքներով: Կարևորագույն խնդիր է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում բնակվող անձանց անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության և բոլոր իրավունքների պաշտպանությունը, պարենային անվտանգությունը, սոցիալական անվտանգությունը և այլն: Մարդն ու ՀՀ քաղաքացին Հայաստանում իրեն պիտի զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով»:
Հարակից հրապարակումներ`
- Ես ապրում եմ իմ կյանքի վերջին օրվա համար, այնտեղ պատասխան տալու համար. Բագրատ Սրբազան
- Այս օրակարգը պետք է լինի հիմքը, որի վրա կկառուցվի մնացած բոլորը․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական կուսակցություն հիմնելու ծրագիր այս պահին չկա․ Բագրատ Սրբազան