Դդմաշենում անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է, կա տուժած
Օգոստոսի 27-ին, ժամը 10։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։