ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» հարվածների փոխանակումից հետո պատերազմի վտանգը նվազել է
Մերձավոր Արևելքում մոտ ապագայում ավելի լայնամասշտաբ զինված հակամարտությունների ռիսկը նվազել է Իսրայելի և լիբանանյան շիական «Հըզբոլլահի» միջև հրթիռային հարվածներից հետո, ինչը չհանգեցրեց հետագա սրացման: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը։
«Որոշ չափով, այո», -ասել է նա՝ պատասխանելով Reuters-ի հարցին, թե արդյո՞ք տարածաշրջանային պատերազմի անմիջական վտանգը նվազել է Լիբանանում Իսրայելի հարվածներից և «Հըզբոլլահի» կողմից հրեական պետության վրա հարձակումից հետո:
Ըստ Բրաունի, Իրանը դեռևս չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակվելու իր ծրագրերից՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության, և այս փաստը վճռորոշ է տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման համար։ «Դուք գիտեիք, որ երկու բան պետք է տեղի ունենար: Դրանցից մեկը (հրթիռային հարվածների փոխանակում Իսրայելի և Հեզբոլլահի միջև) արդեն տեղի է ունեցել: Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի կվերածվի երկրորդը (Իրանի ծրագրած հարձակումն Իսրայելի վրա)»,- պարզաբանել է ռազմական գործիչը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրթիռային հարվածների փոխանակումը եղել է ամենամեծ միջադեպերից մեկը վերջին 10 ամսում լիբանանա-իսրայելական սահմանին իրավիճակի վատթարացումից հետո։ Սակայն շիաների հարձակումը Իսրայելին էական վնաս չպատճառեցին, ոչ էլ հանգեցրեց երկու կողմերի հետագա ռազմական գործողությունների փոխադարձ սպառնալիքների։
Օգոստոսի 25-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» թիրախների վրա՝ կապված շարժման կողմից Իսրայելի տարածքին հրթիռային հարված հասցնելու նախապատրաստման հետ: Իր հերթին «Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի վրա ավելի քան 320 հրթիռ արձակելու մասին՝ այդ հարձակումը համարելով Բեյրութում իր ռազմական թևի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանության նախնական պատասխանը: