Վենետիկի փառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:
Ասուլիսում ռեժիսոր Զառա Ջյանն ասաց, որ իսկապես անկանկալ է եղել իրենց համար և վաղն արդեն մեկնելու են Վենետիկ։ Նա նշեց, որ ֆիլմն իրական պատմության վրա է ստեղծված։
«Ֆիլմը դասական կենսագրական չէ։ Սա ավելի շատ հեղինակի տեսակետն է, թե ինչպես է Փարաջանովի կյանքի միջոցով փորձում իր հարցերին պաստախան գտնել։ Ֆիլմի կարևոր մեսիջներից է՝ պատմությունների ընթացքում չեն փոխվում խնդիրները, բայց կարևոր է մեր տեսանկյունը, վերաբերմունքը դրան։ Ֆիլմի գլխավոր մեսիջն այն է, որ տարբեր ժամանակում կան աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց ամեն մարդ, հատկապես արվեստի մարդ, պետք է շարունակի անել իր գործը, ինչպես անում էր Փարաջանովը՝ նստած բանտում։
Ֆիլմում անցյալից տեղափոխվում ենք ներկա, ներկայից անցյալ, ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը»,- ասաց ռեժիսորը։
Պրոդյուսեր Անի Որսկանյանի ներկայացմամբ էլ, ֆիլմը պատմում է այսօրվա մեր խնդիրների մասին Փարաջանովի միջոցով։
«Շատ ուրախ ենք, որ մեր գաղափարի իրականացումը համընկավ հենց Փարաջանովի 100-ամյակի հետ»,- նշեց նա։
Ասուլիսին ներկա անկախ պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, կարևոր է, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմը հենց մեծ ռեժիսորի 100-ամյակին նման հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենետիկի փառատոնի մրցութային բաժնում։
«Եթե ֆիլմն արժանի չլիներ, չնայած նվիրված լիներ Փարաջանովին, դա ոչինչ չէր նշանակի փառատոնի կազմկոմիտեի համար»,- ասաց Շ. Միրզախանյանը։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, Սերբիայում՝ 2023թ-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023 թ-ի օգոստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024թ-ի փետրվարին, որտեղ նկարահանվեր է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ և Երևանում՝ 2023 թ-ի հուլիս-հոկտեմբեր և 2024 թ-ի փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ:
2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ ճանապարհորդություն դեպի Երևան կատարել է նաև Տարսեմ Սինգխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։
Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։
Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն:
Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան