Միջազզգային տոնացույցում օգոստոսի 27-ը նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր
Սպորտին նվիրված միջազզգային տոնացույցում օգոստոսի 27-ը նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր։ Այս մասին անդրադարձ է կատարել ՀԱՕԿ-ը։
Դեռևս 385թ․ 291-րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին: Նա պարտության մատնելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։ Այդ հաղթանակից 1613 տարի անց, 1998թ․ մայիսի ութին, ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի փոխադարձ համաձայնությամբ , պատմական Օլիմպիայում հանդիսավորությամբ բացվել է Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին / քանդակագործ Լևոն Թոքմաջյան / ։ Խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը։
Ժամանակակից բռնցքամարտը ծնունդ է առել Անգլիայում ՝ 18-րդ դարի սկզբին։ Իսկ օլիմպիական շարժման վերածննդից հետո, 1920 թ․ այն մտել է օլիմպիական ընտանիք։
Մարզաձևը մեծ տարածում և հեղինակություն ունի Հայաստանում։ Մեզանում աճել են ԽՍՀՄ , Եվրոպայի, աշխարհի տասնյակ չեմպիոններ և մրցանակակիրներ։ Իսկ կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանն իր բազում նվաճումներին ավելացրել է նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Նա այդ պատվին արժանացել է 1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղերում։
Նրա ճանապարհով առաջին քայլերն են արել և օլիմպիական բրոնզե մեդալակիր են դարձել երևանցի Դավիթ Թորոսյանը / 1976թ. Մոնրեալ /, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը / 2008թ. Պեկին / և գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 2020թ, Տոկիո / :
Բռնցքամարտի համաշխարհային օրը նշվում էր հուլիսի 22-ին: Բայց ԱԻԲԱ -ի նախագահ Ումար Կրեմլյովի առաջարկությամբ տոնը տեղափոխվել է և նշվում է օգոստոսի 27-ին: Նա գնահատել է այն հանգամանքը, որ աշխարհի բռնցքամարտի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 1974թ. օգոստոսի 17 -30 -ը:
Բռնցքամարտի միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեր երկրի բոլոր ժամանակների բռնցքամարտիկներին և ակնկալում նորանոր հաղթանակներ: