«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 1999 թ. «հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը:
«Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։
Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է ցմահ դատապարտյալի կենսաբանական մահը»,-Panorama.am-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովում ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:
Նրանք մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան