Թուրքական դասագրքերը լվանում են աշակերտների ուղեղները՝ ժխտելով փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները. Սասունյան
Թուրք հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը «Գեյթսթոուն» ինստիտուտի կայքում հրապարակել է մի հոդված՝ «Թուրքական դասագրքեր. շրջելով պատմությունը գլխիվայր» վերնագրով։
Բուլութը գրել է. «Թուրքիայի պետական մարմինները թիրախավորել էին Անատոլիայի իրենց բնիկ ժողովուրդներին, մասնավորապես՝ պոնտացի հույներին և հայերին: 20-րդ դարում Օսմանյան Թուրքիան մեծամասամբ բնաջնջեց այդ ժողովուրդներին ցեղասպանության միջոցով»:
Բուլութը պարզաբանել է. «Թուրքիայի կառավարությունը, սակայն, ցեղասպանությանը վերաբերում է որպես հույների և հայերի «անհիմն պնդումների»: Թուրքիայի պատմության դասագրքերում վերնագրերը նախկինում կոչվում էին «Պոնտոսի խնդիրը» և «Հայկական հարցը», իսկ այժմ դրանք փոխվել են «Պոնտոսի անհիմն պնդումներ» և «Հայկական անհիմն պնդումներ» անվանումների»։
Թուրքիան նաև հերքում է, որ հայերը, ասորիները և հույներն այն հողի բնիկ ժողովուրդներն են, որտեղ դարեր անց բնակություն են հաստատել թուրքերը, գրավել այդ հողերը և բնաջնջել այնտեղ արդեն ապրող մարդկանց:
«Մահմեդական թուրքերը Կենտրոնական Ասիայից միայն 11-րդ դարում եկան Հայկական լեռնաշխարհ և Անատոլիա, որն այդ ժամանակ Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունն էր։ Ռազմական արշավանքների միջոցով մահմեդական թուրքերը գրավեցին այն մեծ ու փոքր քաղաքները, որտեղ դարեր շարունակ ապրում էին բնիկ քրիստոնյաները: Օսմանյան թուրքերը վերջնականապես ներխուժեցին Կոստանդնուպոլիս (այսօրվա Ստամբուլը) տասնհինգերորդ դարում՝ կործանելով Բյուզանդական կայսրությունը։ Դրանից հետո լայն տարածում ստացան բռնություններն ընդդեմ քրիստոնեական կրոնական և մշակութային ժառանգության», գրել է Բուլութը։
Ցավալի է, որ իրենց երկրի իրական պատմության մասին գաղափար չունեցող թուրք պատանի դպրոցականների ուղեղները լվանում են իրենց երկրի ծագման մասին կեղծիքներով, և ատելություն սերմանում փոքրամասնությունների մնացորդների նկատմամբ: Հետևաբար, այս երեխաները մեծանում են՝ թութակի պես կրկնելով այն սուտը, որը նրանց սովորեցրել են դպրոցում՝ հերքելով, որ Օսմանյան կառավարությունը ցեղասպանություն է իրագործել բնիկ ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների նկատմամբ։ Այս թուրք երեխաները որևէ մեղք չունեն, որ չգիտեն ոչ իրենց երկրի իսկական պատմությունը, ոչ էլ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության մասին փաստերը:
Նրանց սնում են այն ստերով, թե իբր փոքրամասնությունները դարեր շարունակ երջանիկ ապրել են Օսմանյան կայսրությունում, մինչև եվրոպական տերությունները նրանց դրդել են ապստամբել իրենց կառավարության դեմ: Ընդհակառակը, Օսմանյան կայսրությունում ապրող փոքրամասնությունները միշտ ենթարկվել են ճնշումների, ստրկության, հարձակման, կողոպուտի, առևանգման, բռնաբարության և կոտորածի՝ գագաթնակետին հասնելով 1915 թվականի ցեղասպանությամբ: Այս փոքրամասնությունները նույնիսկ երկրորդ կարգի քաղաքացիներ չէին համարվում: Նրանք որևէ իրավունք չունեին և գտնվում էին իրենց դաժան իշխողների ողորմածության ներքո: Բուլութը ճիշտ է բնութագրել թուրք դպրոցականների կրթությունը որպես «ապատեղեկատվություն, դիտավորյալ խեղաթյուրում և պատմական ռևիզիոնիզմ»։
Սա միայն հայերի ու թուրքերի վեճը չէ։ Թուրքական կառավարությունը բոլորից լավ գիտի, որ ցեղասպանության մեղադրանքները հիմնված են փաստերի վրա, քանի որ Օսմանյան արխիվները, որոնք գտնվում են նրա տիրապետման տակ, բացահայտում են ճշմարտությունը, նույնիսկ այն բանից հետո, երբ ընտրողաբար մաքրվել են մեղադրական ապացույցներից:
2007 թվականին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հրապարակեց մի բանաձև, որում, մասնավորապես, ասվում էր. «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համոզմունքն է, որ 1914-1923 թվականներին օսմանյան արշավը կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների դեմ ցեղասպանություն էր հայերի, ասորիների և պոնտացի ու անատոլիական հույների դեմ»։
Ըստ «Ցեղասպանության դիտորդի» (Genocide Watch) նախագահ դոկտոր Գրեգորի Հ. Սթենթոնի՝ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է. «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է, քանի որ այն զոհերի խմբին հոգեբանորեն և մշակութային ոչնչացման շարունակական փորձ է՝ նույնիսկ զրկելով նրա անդամներին իրենց հարազատների սպանությունների հիշողությունից»։
Ավելի կարևոր է, որ ես Թուրքիայի հպարտ քաղաքացիներին առաջարկում եմ՝ ուշադիր լսել ներկայի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ճշմարտացի խոստովանությունը, որը նա արել է 1926 թվականի օգոստոսի 1-ին «Լոս Անջելես Էքզամիներ» թերթին տված հարցազրույցում. «Նախկին երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց անխղճորեն զանգվածաբար վտարեցին իրենց տներից ու կոտորեցին»։ Հուսով եմ, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի այնքան հիմար չի գտնվի, որ Աթաթուրքին անվանի ստախոս, այլապես նրան անմիջապես կբանտարկեն, եթե նա բնակվում է Թուրքիայում, իսկ եթե ներկայումս գտնվում է երկրից դուրս, ապա անմիջապես կձերբակալեն հայրենիք վերադառնալուն պես:
Թուրքական կառավարությունը, ի վերջո, պետք է առերեսվի ճշմարտությանը և թուրք անմեղ աշակերտներին սովորեցնի պատմության ողբերգական փաստերը կոտորածների և ցեղասպանության մասին, որոնց համար ոչ այսօրվա երիտասարդ սերունդը, ոչ էլ ներկայիս թուրքական կառավարությունը պատասխանատվություն չեն կրում, քանի որ նրանք նույնիսկ գոյություն չեն ունեցել այդ տարիների կոտորածների ժամանակ։
Բոլոր ժողովուրդներն էլ մութ ծալքեր ունեն իրենց պատմության մեջ, բայց դրանք թաքցնելու փոխարեն նրանք մաքրվում և առերեսվում են իրենց իրական պատմությանը, ներառյալ ողբերգական և փառավոր դրվագները: Միայն այդ դեպքում ժողովուրդները կարող են հաղթահարել իրենց մութ անցյալն ու առաջ շարժվել: Տեսե՛ք Գերմանիայի օրինակը, որն ընդունեց իր մեղքը Հոլոքոստի համար և փոխհատուցեց: Հակառակ դեպքում, թուրքերի ապագա սերունդները կմեծանան՝ փորձելով ժխտել և ստել իրենց ամոթալի անցյալի մասին, և միշտ խղճի խայթ կզգան մի բանի համար, որում նրանք ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Սակայն, իրենց կեղծիքների ու ժխտումների պատճառով նրանք կդառնան այդ հանցագործությունների մեղսակիցները։
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի