Գարդմանահայությունը Բաքվի հայատյացության հետևանքով զրկված է սեփական միջավայրում ապրելու իրավունքից
Գարդմանի հայության հոգևոր-կրոնական մշակութային կյանքում բազմադարյա ավանդույթի ուժ էր ստացել գետաշենցիների ուխտը դեպի Պանդի սուրբ։
Պանդի ուխտի շուրջ հյուսվել են առասպելներ։ Հայ պատմագրությունը նույնպես տեղեկություններ է պարունակում ուխտի մասին։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, նահատակված Պանդալեոնի մասունքները բերել է Աղվանքի Վաչագան Գ թագավորը։ Շնորհք Արք. Գալուստեանը նույնպես Պանդալեոնին ներկայացնում է որպես հիվանդության և աղքատության դեմ պայքարող սուրբ։ Ժողովրդական զրույցներում պահպանվել է Պանդալեոնի՝ բժիշկ լինելու համոզմունքը, որը մահացել և թաղվել է մատուռի վայրում։
Թեև Գետաշենը հարուստ էր եկեղեցական-կրոնական կառույցներով, խաչքարերով և հուշարձաններով, այնուհանդերձ, գետաշենցիների և շրջակայքի հայկական բնակավայրերի հայության համար առանձնահատուկ նշանակություն ուներ Պանդ սրբի մատուռը։ Գետաշենցիները և շրջակա գյուղերի բնակիչները Սբ․ Աստվածածնի տոնի օրը՝ սկսած օգոստոսի 20-ից վաղ առավոտից ճանապարհ էին ընկնում դեպի Պանդի սուրբը։ Սուրբ Պանդի ուխտագնացությանը գալիս էին ամբողջական ընտանիքներով, երբեմն՝ գյուղերով, տոնակատարությունների ու զոհաբերությունների մասնակցելու համար, գալիս էին Բաքու, Երևան, Կիրովաբադ և այլ քաղաքներում ապրող ազգականները և համագյուղացիները: Անգամ խորհրդային աթեիզմի պայմաններում գետաշենցիները շարունակել են այս ավանդույթը։
Գետաշենցիների և գարդմանահայության այս և նմանատիպ այլ սրբազան ավանդույթներ ընդհատվեցին պատմական Գարդմանից ադրբեջանական իշխանությունների կողմից հայության բռնի տեղահանման հետևանքով։ Պանդի սուրբը և հայության հոգևոր-մշակութային ինքնության նման հարյուր հազարավոր ցուցիչներ արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ կորցրել են իրենց գործառույթը՝ լավագույն դեպքում մատնվելով գործառնական պարապուրդի, ոչնչացվելով, խեղվելով, պղծվելով և այլակերպվելով։
Հայաստանում ապաստանած գետաշենցիներն, այնուհանդերձ, փորձել են վերականագնել Պանդի ուխտի ավանդույթը արդեն Հայաստանի տարածքում։ 1996–1997թթ Արարատի մարզի Հայանիստ գյուղի գետաշեն թաղամասում ապաստանած Ռուբեն Բաբաջանյանը դեպի գերեզմանոց տանող ճանապարհին նախաձեռնում է Պանդի նոր մատուռի կառուցումը` փորձելով այն հնարավորինս նմանեցնել հին Պանդի մատուռին:
Պանդի ուխտագնացության սովորույթը, ինչպես նաև գարդմանահայության հոգևոր-ազգային այլ յուրահատուկ սովորույթներ և ավադույթներ գտնվում են կորստյան վտանգի տակ, քանի որ գարդմանահայությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ զրկված է սեփական սոցիո-մշակութային միջավայրում անվտանգ և ապահով բնակության բնական իրավունքից։ Սա ադրբեջանական հայատյացության հերթական հետևանքներից է, որը մինչ օրս չի արժանացել համարժեք իրավական և քաղաքական գնահատականի։