«Ժողովուրդ». Մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրևանոց են գնել բյուջեի հաշվին և 100 անձի կերակրել 2 օր:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ հարկատուների՝ «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։
Տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմի և «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջև կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։
Առաջին պայմանագրով նախատեսված է եղել 6 (3×3) վրանի վարձույթ 5 տարբեր կետերում, բիոզուգարանների վարձույթ՝ քանակով՝ 36, 6 տարբեր կետերում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրևապաշտպանի վարձույթ, թեպետ կադրերում վրաններն ակնհայտորեն ավելի շատ էին. ինչ միջոցներով՝ անհայտ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրով գումար է հատկացվել նաև ցուցանակների/կողմնորոշիչների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) և վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային և պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի և բանվորական ուժի համար:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը ուսումնասիրեց։ Տեսանյութում խոշոր պլանով երևացող կադրերը իլյուզիա են՝ խաբկանք, քանի որ վերևից՝ հեռակառավարվող դրոնով արված կադրերից ակնհայտորեն երևում է ամբողջ խմբի տեղաշարժը և ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ անվտանգության և շտապօգնության աշխատակիցներն էլ ներառյալ։
Այս դեպքում հարցական է՝ ում համար է 110 անձրևապաշտպան գնվել, 200 վերնաշապիկ և այլն: Բայց շարունակենք փաստաթղթերի ուսումնասիրությունը. հաջորդ՝ 2-րդ պայմանագիրը, որի արժեքը կազմել է 5 մլն 34 հազար դրամ, նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար։ Պայմանագրով սահմանվում է նաև հատկացում՝ սպասարկող անձնակազմի և տրանսպորտային ծառայությունների համար։ Անհրաժեշտ է ապահովել 100 անձի համար նախաճաշ, ճաշ 2 օր և ընթրիք՝ 1 օր։
Իսկ որքանո՞վ է արդարացված 100 անձի 2 օրվա սննդի (նախաճաշ, ճաշ և ընթրիք) համար ծախսել 5 մլն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր անձի սննդի համար 50 հազար դրամ է հատկացվել. դրսում, վրանի տակ 50.000 դրամ՝ միայն սննդի համար: Այդքան գումարով Սևանա լճի շատ հյուրանոցներից կամ հյուրատներից կարելի էր օգտվել:
Երևանի միջին գնային սանդղակ ունեցող յուրաքանչյուր ռեստորանում 100 հոգու համար 5 մլն դրամ կծախսվի 5, գուցե նաև՝ ավելի օրերում:
Հեղափոխական իշխանությունը, ընտրվելուց հետո, խոստանում էր բաց և թափանցիկ աշխատել, սակայն, կարծես թե, չի ստացվում։
100 անձի համար պետբյուջեից 15 մլն է դուրս գրվում, երբ 100 մարդ չկար անցկացվող հեծանվավազքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում Սյունիքի մարզում
- «Ժողովուրդ». Ինչ հայտարարագիր է ներկայացրել վարչապետի օգնական՝ հանրային որևէ քայլով աչքի չընկած Հակոբ Աբրահամյանը
- «Հրապարակ». Չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին