Այ, երբ որ ես Հովաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի. Արամ Օրբելյանը՝ դատավորին
«Հրայր Թովմասյանին ասել եմ, որ դատարանից էլեկտրոնային նամակ են ուղարկվելու որպեսզի նա մասնակցի դատական նիստին, ավել գործառույթ իրականացնելու իրավունք չունեի»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի մեկնարկին հայտարարեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը և ենթադրեց, որ Թովմասյանը հավանաբար էլեկտրոնային նամակը չի ստացել, այդ պատճառով էլ չի ներկայացել նիստին։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, թե դատարանը Հրայր Թովմասյանին հնարավորություն էր տվել մինչև դատարանից հեռացման դատական սանկցիայի ժամեկտի ավարտը ներկայանալ նիստին, որի ժամանակ կքննարկվեր նրա մասնակցության վերականգնման հարցը, բայց Թովմասյանը չի ներկայացել դատական նիստին։
Դատավորը նաև նշեց, որ նախորդ նիստում Արամ Օրբելյանի պաշտպանական ճառի ժամանակ ներկայացվել է դեռ 2021 թվականի դատական նիստերին հնչեցված միջնորդությունները, որոնց լուծումը հետաձգվել էր մինչև փաստերի ստուգման դատական նսիտը։
«Դատական նիստում Արամ Օրբելյանը պաշտպանական ճառում ներկայացրել է այն միջնորդությունները, որոնք արդեն իսկ ներկայացված են եղել քրեական գործի դատական քննության ընթացքում և այդ փաստարկներով միջնորդությունների լուծումը դատարանի կողմից հետաձգվել է որպեսզի դատարանը վերջնական դատական ակտ ներկայացնելիս անդրադառնա դրանց»,- ասաց Գրիգորյանը և Օրբելյանին հարցրեց, թե արդյոք այն չի արվում, որպեսզի դատական նիստերը ձգձգվեն։
Արամ Օրբելյանն ասաց, որ իր միջնորդությունները ժամանակին դատարանը թողել է առանց քննության և ինքը ստիպված իր պաշտպանական ճառում դրանք ներառել։
Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ այսօր դատական նիստն ընթանալու է մինչև աշխատանքային օրվա ավարտը և նպատակ ունի պաշտպանական կողմի չարաշահումները կանխել։
Օրբելյանը հայտնեց, որ նախկինում ծանուցվել էր, որ մինչև 14։00-ն է նիստը կայանալու, բայց հիմա որոշում է փոխվում և ինքը չի կարող 14։00-ից հետո շարունակել մնալ դատարանում, քանի որ այլ գործերով ծանրաբեռնված է։
«Դուք որոշեցիք, որ ես չարաշահում եմ, եթե ես չարաշահում եմ, ապա օրենքը շատ հստակ սահմանել է, որ այդ դեպքում դուք ինձ արգելում եք։ Այ երբ որ ես Հովաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի, ինչը սահմանում է Քրեական դատավարության օրենսգիրքը»,-ասաց Օրբելյանը։
Դատավորը որոշեց, որ նիստը շարունակվելու է մինչև 18։00-ն և սեպտեմբերի 5-ից հետո էլ ամեն օր դատական նիստ է գումարվելու։
«Դատարանը կարող է սահմանել, որ մինչև 24։00 է դատական նիստը շարունակվելու, ես պատճառ չեմ տեսնում նիստը 18։00-ին ավարտելու»,-ասաց Արամ Օրբելյանը և շարունակեց ներկայացնել պաշտպանական ճառը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
- Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել ՍԴ-ն. Գոհար Մելոյան
- Դրա համար էլ դատավորին բացարկի միջնորդություն եմ ներկայացրել, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում. Օրբելյան
- Դատավոր Գրիգորյանը Հրայր Թովմասյանին հրավիրեց վաղը ժամը 10։00-ին վերսկսվող դատական նիստին
- Հետախուզության թույլտվությամբ Հրայր Թովմասյանի տանը փորձել են գտնել 8 մլն-ը գերազանցող իրեր. Արամ Օրբելյան
- Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ.Արամ Օրբելյան
- Այսինքը, ես իմ ճառը կարդալո՞ւ եմ մի դատավորի, ով բացարկման ենթակա է, ով կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին