«Մի կողմից թուրքերն են ճնշում, մյուս կողմից՝ «Սպայկան»». Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր կեսօրից բեռնափոխադրում իրականացնող մասնավոր կազմակերպություններն ու անհատները բողոքի ակցիա են իրականցում Երևանում։ Նրանք նշում են, որ մի կողմից վրացական համարներով, բայց իրականում թուրքական բեռնափոխադրողների, մյուս կողմից հայկական «Սպայկա» ընկերության պատճառով իրենք կանգնած են օրվա հացից զրկվելու վտանգի առաջ։
Նրանք նշում էին, որ «Սպայկա» ընկերությունը մեծ ծավալների արտահանում է իրականացնում, ինչը նվազեցնում է Հայաստանից արտահանումների գները, իսկ դրանից հետո էլ այդ ընկերության բեռնատարները բեռնված վերադառնում են Հայաստան՝ խանգարելով մյուս բեռնափոխադրողներին։
«Կառավարությունը չի վերահսկում երրորդ երկրների բեռնափոխադրողներին, իսկ «Սպայկան» ամբողջությամբ մոնոպոլիա է հաստատում ոլորտում։ Մի կողմից թուրքերն են ճնշում, մյուս կողմից՝ «Սպայկան»։ Վարկով մենքնաներ ենք առել, ուզում ենք մեր երկրում աշխատենք, հարկ տանք, բայց չենք կարողանում»,-նշեց ակցիայի մասնակիցը։
Բեռնատարների վարորդների խոսքով՝ իրենք դեմ չեն միջազգային փոխադրողների աշխատանքին, բայց ակնկալում են, որ կառավարությունն առավելություն կտա Հայաստանում հարկ վճարողներին և կկանոնակարգի տեղական ընկերության կողմից ոլորտում մենաշնորհ հաստատելու փորձերը։
Բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ալեքսան Հովակիմյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր երկիր մուտք են գործում երրորդ երկրի շատ մեքենաներ՝ թուրքական մեքենաներ, թուրքեր՝ վրացական համարներով մեքենաներով, նաև վրացիներ։ Առաջ միայն վրացիներն էին, մենք այդ ամենը կարողանում էինք մարսել, որովհետև մեր հարևաններն էին, մենք էլ գնում էինք իրենց պետությունում էինք երրորդ երկրի բեռնափոխադրում իրականացնում, տեղը փակվում էր։ Բայց հիմա մեր երկիր են եկել երրորդ երկրի բեռնափոխադրողներ։ Թուրքերը և՛ Վրաստանում են գնել մեքենաներ, և՛ թուրք վարորդներով մտել են մեր շուկա, և Թուրքիայի մեքենաներն են մտել մեր շուկա՝ երրորդ երկրից։ Ես տեղի բեռնափոխադրող եմ, էժան գներով արտահանում եմ իրականացրել և ներմուծման ժամանակ պետք է փակեմ իմ ծախսերը, պետք է մտածեն նաև մեր մասին, բայց պատվերը տալիս են թուրքերին, և մենք չենք կարողանում 25 օր, մեկ ամիս վերադառնալ Հայաստան, որովհետև եթե այդ գումարով հետ գանք տուն, ապա պետք է մեր գրպանից մի 500 դոլար էլ ավելացնենք, որպեսզի 0 կանգնենք»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պետությունը վերահսկողություն սահմանի գործընթացի վրա, նոր շուկաներ ապահովի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան