Մեկ էլ տենալու ենք, որ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դեմը կանգնած մեզ է սպասում. Փաշինյան
«Գործող լիզինգի ծրագիրն ունի սահմանաչափ, այն է՝ 1 տնտեսվարողի համար ցանկացած լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել»,- կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա զեկուցեց սպանդանոցային ցանցը և սպանդանոցային մորթի տարածվածությունը ընդլայնելու, նաև պարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակի բարձրացման նպատակով մշակված ծրագիրը։
Նա նշեց, որ տնտեսվարողները առաջարկում են այդ շեմը բարձջրացնել և նախարարությունը որոշել է այն 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի:
Պապոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մոդուլային սպանդանոցներ հիմնելու աջակցության շեմը բարձրացնել 1 մլրդ դրամից մինչև 2 մլրդ դրամ, իսկ լիզինգի տոկոսադրույքը13,5 %-ից մինչև 15 % է՝ կախված պայմաններից և բանկերից, կառավարությւոնը փոխհատուցում է 10 %-ը, և նախագծով առաջարկում է փոխհատուցել 12 %-ը:
Նախարարը տեղեկացրեց, որ լիզինգի ձեռբերման ժամանակ տնտեսվարողը պետք է 20 % կանխավճար մուծի, բայց եթե տնտեսվարողը շարժական կամ մոդուլային սպանդանոց ձեռք բերի, ապա կանխավճարի 80 %-ը կսուբսիդավորի պետությունը:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ նմանատիպ ծրագրերի համար ժամանակին ցածր շեմեր էին սահմանվում, դրանց տրվում էր սոցիալական ուղղվածություն, բայց պարզվեց, որ սահմանաչափերը փոքր են, և արդյունքում աշխատել ցանկացողները չեն կարողանում աշխատել, իսկ նրանց, ում պետությունն ուզում է ծառայություն մատուցել, չեն ուզում օգտվել ծրագրերից:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ լիզինգի ծրագրի առանձնահատկությունը պարտադիր պայմանն է, այն է՝ տնտեսվարողը պետք է ձեռք բերի չօգտագործված տեխնիկա և հավելեց, թե անկախ նրանից՝ կառավարությունն ինչ աջակցություն է ցուցաբերում, յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ իր բիզնեսի պատասխանատուն ինքն է:
«Ես հիմա կռահում եմ, որ մենք այդպիսի դեպքեր էլ ենք ունենալու, գնալու ենք մարզեր, մեկ էլ տենալու ենք, որ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դեմը կանգնած է և սպասում է մեզ: Գնալու ենք ասելու ենք՝ ի՞նչ կա, ասելու է՝ չի աշխատում, պահանջարկ չկա: Մենք բացատրելու ենք՝ եղբայր, դա քո բիզնեսն է, մենք ինչով ասես աջակցել ենք: Բիզնեսի հետագա եկամտաբերություն ապահովելը քո խնդիրն է: Դու այնպիսի ծառայություն պետք է առաջարկես, որ գյուղացին գա: Մարդկանց թվում է, որ եթե մենք աջակցության ծրագիր ենք անում, փողը տալիս ենք, քիչ է մնում ասեն՝ եկեք իմ սպանդանոցը աշխատացրեք, ես էլ տանն եմ, երբ պետք է, եկեք իմ եկամուտը տվեք ինձ, գնացեք ձեր գործերովէ»,-ասաց Փաշինյանը: