Կառավարությունը փոփոխություն կատարեց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում
«Կարևորագույն բարեփոխում էր ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի լավարկումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նոր մոտեցմամբ, ըստ նախարարի, յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը:
Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել առավել թիրախային և արդյունավետ: Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ. գնահատվել է ավելի քան 6000 ուսուցիչ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Միաժամանակ, գործընթացի մեկնարկը ցույց տվեց, որ վերապատրաստման կարգում հավելյալ հստակեցումների և ճշգրտումների կարիք կա, որն էլ իրականացվում է ներկայացվող նախագծով»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը, շրջափուլն ավելի կարճ է՝ 1 տարի, եթե առկա են ավելի տարրական մակարդակի հմտություններ և կարողություններ, և ավելի երկար է՝ մինչև 5 տարի, երբ ուսուցիչն ավելի փորձառու է և ունի բարձր որակի հմտություններ:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվել են նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման և այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները և նման ուսուցիչների համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ:
«Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի և այնուհետև մասնակցի կամավոր ատեստավորման գործընթացին»,-մանրամասնել է Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ հստակեցվել է նաև սկսնակ, այսինքն՝ մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման և վերապատրաստման դրույթը, որով այս խմբի ուսուցիչներին ավելի թիրախային աջակցություն է ցուցաբերվելու, հստակեցվել են նաև վերապատրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից։
«Կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ, որը նույնպես ներդրման փուլում է: Հստակեցվել են նաև մի շարք այլ դրույթներ, որոնք ավելի միանշանակ են դարձնում կարգի կիրառությունը»,-հայտարարել է Ժաննա Անդրեասյանը:
Նշելով, որ ուսուցիչները գնահատվում են տարբեր ուղղություններով, և յուրաքանչյուր ուղղությամբ նրանք կարող են ունենալ հմտությունների տարբեր մակարդակ՝ ԿԳՄՍ նախարարաը շարունակել է. «Առաջինը տարրական մակարդակն է, որի պարագայում գնահատվում է առարկայական գիտելիքի իմացության մակարդակը, և եթե ուսուցիչն ունի նման խնդիր, ապա պետությունը կազմակերպում է այդ ուղղությամբ վերապատրաստում: Այդ խմբի ուսուցիչները սեպտեմբերից սկսած արդեն կարող են մասնակցել վերապատրաստմանը և ապա՝ կամավոր ատեստավորմանը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է, որ կամավոր ատեստավորման հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին կլինեն»։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում կարիքի գնահատում անցած ավելի քան 6000 ուսուցչից այս պահի դրությամբ 543-ը գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, հետևաբար նրանք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը: Մյուս ուսուցիչներին, որոնք հետազոտող և վերապատրաստող ուսուցիչներ են, կախված իրենց գնահատման մակարդակից՝ 3-րդ կամ 4-րդ, կտրամադրվի այլ կարգի աջակցություն, օրինակ՝ համաժողովների մասնակցություն, սեփական հետազոտական աշխատանքների իրականացում և այլն:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ վերապատրաստումն իրականացնելու է 24 երաշխավորված կազմակերպություն և անկախ նրանից, թե որ կազմակերպություն է վերապատրաստել, դրա արդյունքը գնահատվելու է կենտրոնացված՝ գնահատելու գործընթացի արդյունավետության աստիճանը:
Հարակից հրապարակումներ`
- Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը. Փաշինյանը՝ պատմամշակությանի արգելոցների մասին
- Մեկ էլ տենալու ենք, որ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դեմը կանգնած մեզ է սպասում. Փաշինյան
- «Ժողովուրդ». Փաշինյանին Մայր Աթոռից հրավեր չեն ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին