«Վեոլիա Ջուր»-ը վստահեցնում է, որ մատակարարում է որակյալ ջուր՝ Երևանի բնակիչները պնդում են հակառակը
Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիները հատկապես ամռան ամիսներին ահազանգում են, որ խմելու ջրից տհաճ հոտ է գալիս և շատերը, հատկապես մանկահասակ երեխաները, նույնիսկ բնակարաններում պահվող ընտանի կենդանիները այն խմելուց աղիքային խնդիրներ են ունենում։ Նախորդ տարիներին նման ահազանգեր լինում էին հիմնականում Էրեբունի, Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջաններից։ Ընթացիկ տարում ամռանը ջրի որակի փոփոխությունից սկսել են բողոքել նաև Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչները։
Panorama.am-ը, արձագանքելով բնակիչների ահազանգերին, պարզաբանումներ ստանալու համար դիմեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որում բարձրացվել էր հետևյալ հարցերը։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդեվածի համաձայն, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել, հետևյալ հարցերի վերաբերյալ.
1.Ինչո՞ւ է ամռան ամիսներին կտրուկ վատանում Երևան քաղաքին մատակարարվող խմելու ջրի որակը։
2.Արարատյան դաշտի խորքային հորերից Երևան քաղաքի ո՞ր վարչական շրջաններին է ամռան ամիսներին խմելու ջուր մղվում։
3.Խնդրում եմ ներկայացնել 2024 թ. հունվար, փետրվար, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններին տրվող խմելու ջրի լաբորատոր ստուգումների ընդհանրական-ամսական տվյալները։ Մասնավորապես՝ այդ ամիսներին ինչքան է եղել լուծված աղերի քանակը մեկ լիտր ջրում, արդյո՞ք այն գերազանցել է 1 լ ջրում 30-50 մլ/գ նախընտրելի չափաբաժինը։
4.Հայտնի է, որ 1990 թվականից հետո Հայաստանում խորքային հորատման միջոցով հազարավոր կեղտաջրերի հեռացման համակարգեր են կառուցվել։ Արդյո՞ք խորքային հորերից վերցվող ջրի որակական հատկությունները չեն փոխվել։ Խնդրում եմ ներկայացնել Արարատյան դաշտի խորքային հորերից վերցվող խմելու ջրի լաբորատոր ուսումնասիրությունների վերջն արդյունքները»։
Օրենքով սահմանված ժամկետներում Panorama.am-ն ընկերությունից ստացավ պատասխան գրությունը, որում սակայն չկար բարձրացված հարցերի 90%-ի պատասխանները։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ը չէր ներկայացրել ջրի որակի ստուգման որևէ լաբորատոր տվյալ։
Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը Panorama.am-ին հայտնեց, որ իր սեփական ջրի կոշտությունը որոշող սարքով պարզել է, որ ամռան ամիսներին ծորակից հոսող խմելու ջրում լուծված աղերի քանակը մեկ լիտրում հասնում է 450-500 միլիգրամի, այն դեպքում երբ մյուս ամիսներին 60-90 միլիգրամ է։
Մեր դիմումի համաձայն, ջրի որակի լաբորատոր տվյալները ներկայացնելու փոխարեն «Վեոլիա Ջուր»-ից Panorama.am-ին հայտնում են, որ բնակչությանը մատակարարում են առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները» վերտառությամբ հրամանի պահանջներին համապատասխանող ջուր։ Սակայն այդ հրամանում համակարգված ներկայացված չէ, թե որքան պետք է լինի լուծված աղերի քանակը մեկ լիտր ջրում, այն հաշվելու ահմար պետք է գումարվի հրամանի հավելվածում բերված աղյուսակում ներկայացված աղերի մի քանի հարյուր տողերի՝ հաճախ հանդիպող 0-ի տասնորդական, կամ հարյուրերորդական միլիգրամները։
Ընկերությունից նաև հայտնում են, որ վերջին տարիներին արձանագրվում է Երևան քաղաքը սնող ջրաղբյուրենրի ջրածավալների նվազում։ Նվազել է ինչպես ինքնահոս ջրառը, այնպես էլ մեխանիկական՝ պոմպերի միջոցով կատարվող ջրառի ծավալները։ Մեխանիկական ջրառի քանակը նախորդ տարիներին եղել է Երևանի ջրապահանջարկից ավելին, սակայան 2024 թվականին, ըստ ընկերության, այն արդեն չի բավարարում։ Ընկերությունը ներկայացրել է մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն 2013 թվականի համեմատ 30-33 %-ով նվազել են նաև ստորերկրյա ջրերի ծավալը։
«Վեոլիա Ջուր»-ը չի ներկայացրել, թե քաղաքի, որ մասին է մղվում խորքային հորերից վերցվող ջուրը, քանի որ այն ամենօրյա ռեժիմով է որոշվում՝ կախված տվյալ ուղղությամբ ջրերի հոսքերի ծավալի նվազումից։
Վերջում ընկերությունը հավաստիացնում է, որ իր խնդիրն է բնակչությանը ապահովել սահմանված որակական չափանիշներին համապատասխանող ջուր, ինչը և անում է։ Բայց պետք է արձանագրել, որ ամռան ամիսներին խմելու ջրի ծորակներից շարունակում է հոսել տհաճ հոտով և համային որակներով ջուր և այդ ամիսներին բնակչներն ապավինում են քաղաքից դուրս գտնվող ջրաղբյուրներից խմելու ջուրը բերելուն, կամ սպառում են սուպերմարկետներում վաճառվող ջուրը։ Նկատենք, որ վերջիններիս մեջ էլ կան ընկերությունների արտադրաքներ, որոնցում լուծված աղերի պարունակությունը բարձր է։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանի բացած ստորգետնյա անցումը դարձել է անանցանելի. խմելու ջուրը ողողել է ամբողջ տարածքը
- Խմե՞լ, թե՞ չխմել Շերամի փողոցում ծորակից եկող ջուրը
- Զովունիի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջուրն անխնա հոսում է, խնդիրը լուծում չի ստանում