Ադրբեջանն անվանափոխում է հայկական տեղածին բույսերի սորտերը` դարձնելով դրանք ադրբեջանական. Քրիստինե Մարգարյան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը՝ նվիրված բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ հարցերին։ Նիստը վարել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանը բույսերի կենսաբազմազանության կարևորագույն բնօրրաններից մեկն է, որտեղ աճում են ավելի քան 3800 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 146-ն էնդեմիկ տեսակներ են։ Այս հսկայական գենետիկական ռեսուրսներն օժտված են այնպիսի ներուժով, որը հնարավոր է դարձնում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսածին և ոչ կենսածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը, պարենի և գյուղատնտեսության անվտանգային հարցերը։ Սակայն բույսերի գենետիկական ռեսուրսների՝ որպես երկրի մշակութային ժառանգության չկանոնակարգված արտահանումները, այլ երկրներում տեղայնացումը, սորտերի անվանափոխությունները լուրջ մարտահրավերներ են պարենի և գյուղատնտեսության անվտանգության տեսանկյունից: Հրատապ է դառնում բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը կանոնակարգող ներպետական օրենսդրություն մշակելու անհրաժեշտությունը։
«Պետք է պահպանել ոչ միայն մեր վայրի ֆլորան, այլ նաև Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծված հազարավոր մշակովի բույսերի տեսակները։ Մենք բնօրրան ենք այնպիսի կարևոր մշակաբույսերի, ինչպիսիք են ցորենը, խաղողը, ծիրանը և այլն։ Եթե խաղողի օրինակով ասենք, ապա վերջին տարիների գենետիկական/գենոմային ուսումնասիրությունները ցույց են տվել այն ներուժը, որով օժտված է ՀՀ-ում աճող տեղածին և վայրի խաղողը։ Վստահաբար, նման ներուժ ունեն մեր երկրում աճող բազմաթիվ էնդեմիկ տեսակներ և նրանց վայրի ցեղակիցներ, որոնցից շատերն ընդգրկված են նաև հետազոտական աշխատանքների հիմքում։
Նշեմ, որ մենք կորցրել էինք մի հսկա բազմազանություն, որի վերականգնման աշխատանքներն ընթացքում են։ Եվ մեր երկրի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն ու մատչելիությունը պետք է կանոնակարգվի օրենքով», - ասել է Ռուբեն Հարությունյանը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է վերջին տարիներին խաղողի գենոմիկայի ասպարեզում կատարված լայնածավալ աշխատանքները, նաև այն մարտահրավերները, որոնք հնարավոր է հաղթահարել համապատասխան օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։
«Հայաստանի խաղողի առաջին կոլեկցիոն այգում 850-900 սորտ է պահպանվել, որը 90-ականներին հիմնովին վերացել է։ Բացի մշակովի սորտերից, մեր երկրում դեռևս առկա է վայրի խաղողի տարբեր պոպուլյացիաներ, սակայն վերջին տարիների դինամիկ մոնիթորինգի արդյունքում մենք դիտարկում ենք պոպուլյացիաների կրճատում մի շարք գործոններով պայմանավորված։ Բազմաթիվ երկրներում վայրի խաղողն ընդգրկված է Կարմիր գրքում, իսկ մեզ մոտ անգամ վտանգված չի համարվում», - նշել է Քրիստինե Մարգարյանը։
Ուսումնասիրությունների շնորհիվ հաջողվում է հայկական տեղածին սորտերի բնօրրանը համաշխարհային տվյալների բազայում գրանցել։ «Գենետիկական և գենոմային ուսումնասիրությունների շնորհիվ է, որ հաջողել ենք միջազգային տվյալների բազայում 363 գենոտիպեր գրանցել որպես հայկական տեղածին սորտեր, բնօրրանը՝ Հայաստան։ Սա է միակ ճիշտ ուղղին հակազդելու ադրբեջանական ոչ գիտական և ագրեսիվ քաղաքականությանը, երբ անվանափոխում են սորտերը` դարձնելով դրանք ադրբեջանական», - նշել է Քրիստինե Մարգարյանը։
Ըստ նրա` մեր երկրի բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն ու մատչելիությունը պետք է կանոնակարգել օրենքով, և անհրաժեշտ է լրամշակել «Բուսական աշխարհի մասին» օրենքի որոշ դրույթներ, որը կարգելի Հայաստանի մշակութային ժառանգություն հանդիսացող մշակաբույսերի և դրանց վայրի ցեղակիցների անկանոն արտահանումները,` վտանգելով երկրի պարենի և գյուղատնտեսության անվտանգությունը։
«Մենք փորձում ենք ամենաէժան ձևով շահագործել մեր կենսառեսուրսները և կենսաբազմազանությունը հումքի մասով։ Դրա փոխարեն մենք կարող ենք ստեղծել արժեք, ինչը մեր պետության համար շատ ավելի կարևոր է», - ասել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանի առաջարկով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն և երկարաժամկետ պահպանմանը, բուսական նյութի արտահանման կառավարմանը: Օրենսդրական առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարություն։