Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը։
Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Qahana.am-ը գրում է, որ նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից:
Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալի մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ ճշմարիտ աստվածպաշտություն էր քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն., օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան` ի կործանում իրենց անձերի (Երեմ. 7:1-6 հմմտ. 5:25-29):