Սոնա Մնացականյանի հայրը պնդում է՝ դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է. պաշտպանական կողմը չի ընդունում
«Ազատությունը» գրում է․
«Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը, վրդովված է՝ դատական նիստը երեկ հետաձգվել է. պաշտպանական կողմի երկու փաստաբաններն էլ բացակա էին: Բացի այդ, ըստ նրա՝ բուն դատաքննությունն էլ է ձգձգվում, որովհետև շուրջ 7 ամիս շարունակ պաշտպանական կողմը տարբեր միջնորդություններ է պահանջում:
Աղջկան ու նրա չծնված երեխային կորցրած հայրն այստեղ հատուկ միտում է տեսնում. - «Ձգձգել, մինչև 5 տարին լրանա, վաղեմության ժամկետը լրանա, գնում է դրան։ Առաջին ատյանի վերջը չի երևում, բա էն մյուս ատյաննե՞րը»։
Եթե Լեո-Պարոնյան խաչմերուկը պատշաճ փակ լիներ վարչապետի ավտոշարասյան համար, Սոնա Մնացականյանը չէր հայտնվի ուղեկցող մեքենայի անիվների տակ։ Սա 28-ամյա հղի կնոջ հոր ու փաստաբանի պնդումն է: Բացի այդ, ըստ նրանց՝ վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, ինչի մասին փորձագետի եզրակացություն կա, ասում են: Պաշտպանական կողմը հենց այդ եզրակացությունն է կասկածի տակ դրել ու միջնորդել դատարանին, որ փորձաքննություն կատարվի։
«Դատարանը կատարում է անարդար քննություն։ Ես ունեմ բազմաթիվ գործեր, որտեղ գրված է՝ մեկ քայլ կատարեց, պետք է փորձաքննությամբ որոշվի՝ վարորդը կարողանում է կանխել, թե ոչ վրաերթը։ Եթե նման կերպ քննությունը շարունակվեց կատարել, սա լուրջ հետևանքներ է ունենալու», - ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը չէր ընդունել նաև տուժող կողմի մյուս բոլոր պնդումները. - «Սոնա Մնացականյանը խաչմերուկը հատել է լուսացույցի արգելող ազդանշանների ներքո, այսինքն՝ ինքը պարտավոր էր ղեկավարվելու ոչ թե լուսացույցի լույսերով, այլ կարգավորողի գործողություններով»։
Ինչո՞ւ երեկվա նիստին երկու փաստաբաններից և ոչ մեկը չէր ներկայացել։ Մնացականյանի հոր վրդովմունքը փոխանցեցինք Բալոյանին՝ նաև հիշեցնելով նաև նրանց այն մտահոգությունը, որ գործը ձգձձվում է, որ վաղեմության ժամկետը լրանա, ու փակվի, արձագանքեց. - «Վաղեմության ժամկետին համարյա երկու տարի կա, այդ դատողությունը աբսուրդ է։ Եվս մի 2-3 նիստով կավարտվի այս գործը։ Եթե անձը ցանկանում է, որ իրեն երկու փաստաբան պաշտպանեն, ուրեմն ի՞նչ է նշանակում՝ մեկը գա, մեկը չգա։ Երեկ մենք սպանության գործով եղել ենք վերաքննիչ դատարանում, ձգձգելու թեմա չկա»։
Վարչապետի շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է:
«Կարծում եմ, որ վերին ատյանները խառնվում են այդ գործին, ջնջվել են ձայնագրությունները, ավելի վերին ատյաններում՝ վարչապետի անվտանգությունն ապահովող անձնակազմի ատյաններում ինչ-որ բան է եղել, նորմալ չեն ապահովել», - ասաց Մնացական Մնացականյանը։
Ավելի քան երկու տարի քննվող գործով անցնում է մեկ մեղադրյալ՝ վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը: Նա ոչ միայն չազատազրկվեց, այլև աշխատանքից չազատվեց։
Հղի կնոջ հայրը թվում է հանգամանքները, որոնք ստիպում են իրեն հավատը կորցնել, թե գործը կհասնի ավարտին. - «Մնացած գործերում, որ վարչապետի հետ կապված հարց է լինում, շատ արագ պատժի են ենթարկում։ Եթե ժամանակին փակեին ճանապարհը, տեսուչները ժամանակին զգուշացնեին, երևում է այդ նկարահանումներից, որ ուշ են զգուշացրել, նույնիսկ տեսուչը չի էլ տեսել, որ իմ աղջիկը կես ճանապարհը հատել, անցել է»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
- Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
- Շարունակվում է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան