Ինչն էր երեկ ՀԱԷԿ-ի կանգի պատճառը
Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի մամուլի ոխսնակ Սոնա Հարությունյանը հայտնում է, որ կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։
«Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։
Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը»,- գրել է Ս. Հարությունյանը։
Հիշեցնենք, ՀԷՑ-ից հայտնել էին. «Օգոստոսի 30-ին ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ն անջատվել է Էլեկտրաէներգետիկ համակարգից, պատճառներն ուսումնասիրվում են
- ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը նախատեսվածից շուտ է միացել միասնական էներգահամակարգին