Ջերմուկ համայնքի ապագան օրգանական գյուղատնտեսության ու տուրիզմի զարգացումն է. բնակիչ
Ջերմուկ համայնքում զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում կան խնդիրներ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։
«Վերջին տարիներին խնդիրներն էլ ավելի են ավելացել։ Կար ժամանակ, երբ համայնքում ակտիվ քարոզվում էր հանքարդյունաբերությունը, որը լուրջ խոչընդոտ էր տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներին։ Բացի դրանից, գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ սահմանային գոտիներում ունենք սահմանային խնդիրներ, որոնցից զերծ չէ նաև Ջերմուկը։ Ջերմուկի շուրջ ձևաավորվել է ուռճացված քարոզչություն, որը զբոսաշրջիկների համար իսկապես խնդիր է դարձել»,- ասաց բնակիչը։
Միաժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ որպես Ջերմուկ քաղաքի բնակիչ քաղաքի զարգացումը տեսնում է զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման մեջ։ Ահա այս և համայնքի տեսլականին վերաբերող հարցեր քննարկվել են «Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորում և մեդիարշավ» միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ Ջերմուկ համայնքում։ Այն նախաձեռնել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցությամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչների, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների հետ։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մեդիա ֆորում-արշավի նպատակն է ջերմուկցիների, փորձագետների, ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել Ջերմուկ համայնքի այլընտրանքային զարգացման հնարավորությունները և այն խնդիրները, որոնց բախվում են բնակիչները։
«Քննարկվեցին Ջերմուկի կայուն և կանաչ տնտեսության հեռանկարները։ Ֆորումի մասնակիցները միանշանակ էին այն հարցում, որ համայնքն իր բնակավայրերով՝ Ջերմուկ, Կետչուտ և Գնդեվազ, պետք է հստակ մի քանի ուղղությամբ զարգանա։Ուղղություններից առաջինը՝ զբոսաշրջությունն է։ Կան ձևավորված կարծրատիպեր, որոնք խանգարում են Ջերմուկում զբոսաշրջության զարգացմանը։ Դրանք պայմանավորված են թե՛ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններով, թե՛ այլ պատճառներով։ Օրինակ՝ այն, որ Ջերմուկը հայտնի է որպես առողջարանային քաղաք։ Մարդիկ ընկալում են այն մի վայր, որտեղ պետք է գնալ և բուժվել, բայց ոչ որպես հանգստի վայր»,- ասաց նա։
Դուլգարյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում վերհանվեց նաև այն խնդիրը, որ համայնքում զբոսաշրջության համար առկա են ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայություն։
«Միատեսակ են այնտեղի զբոսաշրջային ծառայությունները։ Անհրաժեշտ է զանազանություն մտցնել, օրինակ՝ զարգացնել ձմեռային սպորաձևերի զբոսաշրջության տեսակները»,- հավելեց ՀԿ ներկայացուցիչը։
Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ջերմուկ համայնքում առկա է արտաքին աշխարհի հետ հաղորդակցման խնդիր։
«Նրանք դոնորական համայնքին, Կառավարությանն իրենց ուղերձները հղելու համար պետք է հստակ հաղորդակցման մեխանիզմներ ունենան, որպեսզի ապահովեն ներդրումային դաշտ։ Այն կօգնի կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանը։ Ներդրումային հնարավորությունները կանաչ տնտեսություններում բավականին սակավ են, պետք է հաղորդակցման միջոցով այդ դաշտն ընդլայնել»,- ընդգծեց Դուլգարյանը։
Գյուղատնտեսության ոլորտը ևս ունի խիստ զարգացման և աջակցման կարիք։
«Մաքուր, օրգանական գյուղմթերքի զարգացման կարիք կա, որը կարող է իրացվել Ջերմուկ համայքում հենց զբոսաշրջության ոլորտում։ Այստեղ պետք է մտածել նաև ներհամայնքային ենթակառուցվածքների մասին, որտեղ զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները կբերնդավորեն օրգանական մաքուր սնունդ՝ ստացված հենց Ջերմուկ համայնքի այգիներից։ Ջերմուկ համայնքի բնակիչներն իրենց ապագան կապում են առողջ և մաքուր շրջակա միջավայրի հետ, որտեղ կարող են արարել և ստեղծել իրենց տնտեսությունները։ Միանշանակ կար մտահոգություն՝ արդյոք իրենց ապագան չի խաթարվի շրջակա միջավայրի էկոլոգիական խնդիրների դեպքում։ Այս հարցում կար միակարծություն՝ Ջերմուկը պետք է զարգանա այնպիսի միջավայրում, որտեղ կարող են զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և տուրիզմով»,- ասաց բնապահպանը։
Նա նաև հայտնեց, որ երկօրյա ֆորումի արդյունքում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը հետամուտ է լինելու համայնքի զարգացման ուղղությունների ձևակերպման և խնդիրների հաղթահարման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելուն։
Աշխատանքային խումբը բաղկացած է 7 հոգուց։ Առաջիկայում հանդես կգան առաջարկություններով։
«Ջերմուկ համայնքի բնակիչները լի են էնտուզիազմով»,- եզրափակեց Դուլգարյանը։
Լուսանկարները՝ Օլեգ Դուլգարյանի։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել այս տարեվերջին․ Թունյան
- Ամուլսարի գործով գնդեվազցիներն ընդդեմ ՇՄ և ՏԿԵ նախարարությունների
- Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում կնքված պայմանագրի գինը. «Հետք»
- «Հրապարակ». Ոչ միայն համաձայն է, որ Ամուլսարի հանքը շահագործվի, այլև դրան փայատեր է դարձել