Le Monde. Ռուսաստանի ռազմական տնտեսությունը թույլ կտա նրան պատերազմել ևս հինգից վեց տարի
Պատերազմական հիմքերի վրա դրված Ռուսաստանի տնտեսությունը թույլ կտա նրան պայքարել ևս հինգից վեց տարի: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը։ Հրապարակման մեջ թվարկված են տնտեսական աճին նպաստող մի քանի գործոններ։ Հիմնականը ռազմական արտադրության մեջ ներդրումներն են։ Բացի այդ, ըստ թերթի, երկրի տնտեսական հնարավորությունների վրա էական ազդեցություն ունեն նաև ՌԴ զինված ուժերի զինծառայողների բարձր աշխատավարձերը և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող նպաստները։Հոդվածին անդրադառնում է «Վոյեննոյե օբոզրենիե»-ն
Տնտեսական տարօրինակ մոդել է ի հայտ եկել, ըստ որի՝ մահացած ռուսն իր ընտանիքի համար ավելի շատ է վաստակում, քան ողջը։ Փաստորեն, եթե տղամարդը որոշի գնալ պատերազմ և մահանա 30-35 տարեկանում, նրա մահը տնտեսապես ավելի «շահավետ» կլինի, քան ապագան: Բանակի հետ պայմանագիր կնքելը նշանակում է, որ նա ստանում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, և որ ամենակարևորն է, եթե նա զոհվի մարտում, նրա մերձավոր ընտանիքը կստանա մահվան նպաստ՝ թաղման փոխհատուցում, որը կարող է կազմել մինչև 11 միլիոն ռուբլի՝ կախված զոհվածի տարածաշրջանից
Նշվում է, որ միայն նախորդ տարի ՊՆ-ի հետ պայմանագիր է կնքել 400 հազար ռուս.
Ռուս փորձագետները, որոնց հետ զրուցել են խմբագիրները, ներկայիս իրավիճակը աննախադեպ են համարում, քանի որ մինչ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկը զինվորականների աշխատավարձերը մնում էին բավականին ցածր մակարդակի վրա՝ բացասաբար ազդելով զինվորական ծառայության հեղինակության վրա։
«Սա աննախադեպ է, քանի որ ռուսներին միշտ էլ բանակ են ուղարկել հարկադրանքով կամ հայրենասիրությունից դրդված։ Վլադիմիր Պուտինը ստեղծեց բոլորովին նոր իրականություն»,- Le Monde-ի վերլուծականում ասել է ԱՄՆ-ում բնակվող ռուս տնտեսագետը։
Պարբերականը նշում է, որ Ռազմական արդյունաբերությունում ներդրումները և զինվորական անձնակազմի աշխատավարձերի բարձրացումը Ռուսաստանում խթանել են սպառման աճին։ Ըստ Ռոսստատի վիճակագրական տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 4%-ով, իսկ գործազրկությունը ռեկորդային ցածր է՝ 2,6%: Ըստ Le Monde-ի՝ ռուսական տնտեսության աճի վրա լուրջ ազդեցություն են ունեցել նաև արևմտյան պատժամիջոցները։
«Պատժամիջոցների արդյունքում կապիտալի արտահոսքի կրճատման շնորհիվ ներքին պահանջարկը կարողացավ աճել հատկապես ծառայությունների ոլորտում։ Բյուջեն ավելի շատ եկամուտ է ստանում, իսկ ներմուծումը պահպանվում է բավարար մակարդակի վրա»,- նշվում է հրապարակման մեջ։
Փորձագետների կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի ստեղծած տնտեսական մոդելը բավականին կայուն է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է հումքի խոշորագույն արտահանողը։ Այս փաստը թույլ է տալիս երկրի բյուջեին ստանալ անհրաժեշտ միջոցներ մարտական գործողությունների համար։
Սակայն գոյություն ունեցող տնտեսական մոդելն ունի նաև որոշակի թերություններ։ Դրանցից հիմնականը աշխատուժի պակասն է և արդյունաբերության և բանակի միջև կատաղի մրցակցությունը։
Չնայած դրան, ըստ տնտեսագետների, ժամանակակից ռուսական տնտեսությունը, որն ըստ էության պատերազմական տնտեսություն է, Ռուսաստանի Դաշնությանը թույլ կտա պայքարել առնվազն հինգից վեց տարի, ինչը շատ ավելի երկար է, քան կարող է դիմակայել Ուկրաինան։ Ավելին, փորձագետների կարծիքով, ռազմական գործողությունների դադարեցումը ներկայումս ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այն կարող է զրոյացնել ձեռք բերված տնտեսական աճի ցուցանիշները։