Անիմաստ է խոսել Արցախի լուծարման փաստաթղթի՝ իրավական ուժ ունենալու մասին. Սամվել Շահրամանյան
«Մենք տեղահանվելով ՀՀ՝ որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այն ևս մեր հայրենիքի հիմնական մասն է»,-Եռաբլուրում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը լուծարել է ոչ թե ինքը, այլ ԱՀ ղեկավարությունը։
Շահրամանյանը նշեց, որ Արցախի իշխանությունները տեղյակ են եղել, որ աման ինչ պետք է անեն, որպեսզի չվտանգեն ՀՀ-ի այն քաղաքականությունը, որն իրականացվում է և չվնասեն անվտանգային համակարգին։
«Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է Արցախի լուծարման հետ կապված հարցը։ Առաջին՝ այն սուտ թեզ է՝ այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, հնարավորություն է տվել ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը, նաև ԱՀ ԶՈւ-երն են տեղափոխվել Հայաստան՝ նախարարից մինչև զինվորը, ուժային կառույցների պաշտոնյաներ։ Ցավոք սրտի մենք ունեցել ենք նաև պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը»,-ասաց Շահրամանյանը։
Նա անդրադարձավ նաև իր ստորագրած փաստաթղթին։
«Ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ էինք, որ այն հակասահմանադրական է, հակաօրինական, այն չի ստացել իրավական ուժ, պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո այն կարելի է համարել նորմատիվ ակտ»- ասաց Արցախի Հանրապետության նախագահը։
Նա նշեց, որ տեղափոխվելով ՀՀ և ծանոթանալով արցախցիների կարծիքին, որ չեն ցանկացել մնալ Ադրբեջանի լծի տակ և որոշել են լքել իրենց հայրենիքը, լուծարման փաստաթղթի վերաբերյալ նոր որոշում են կայացրել։
«Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել ենք որոշում և ես գրավոր, իր կից փաստաթղթերով, տեղեկացրել եմ այդ որոշման մասին ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, և այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին անիմաստ է, այն չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Սամվել Շահրամանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան
- Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է, սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը. Սերժ Սարգսյան