Մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել. Վրթանես Սրբազան
Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին, իսկ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հոգեհանգստի կարգ է մատուցել։
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Արցախահայության վերադարձի ամենակարևոր երաշխիքը և միակ գրավականը Արցախի Հանրապետությունն է, պետականությունն է, որը հանդիսանում է ժողովրդին համախմբելու երաշխավորը։
Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափած արյունն է։ Մենք իրավական ու բարոյական իրավունք չունենք ոչ միայն չսատարելու, այլև մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել։ Այս առումով առաջին և միակ գրավականը արցախահայության վերադարձի, Արցախի Հանրապետությունն է»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այդ վերադարձը, Վրթանես Սրբազանը պատասխանեց. «Ես իրավական առումով չեմ կարող դա ասել։ Ես բարոյական կողմն եմ նկարագրում։ Դա կապված է, մի շղթա է, որը չպետք է կտրվի։ Մնացած հարցերով թող քաղաքագետները, իրավաբանները զբաղվեն»։
Հարցին՝ արդյոք հոգևոր մակարդակով բարձրաձայնվում են Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն Ադրբեջանի կողմից, Արցախի թեմի առաջնորդն ասաց, որ պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը կարող է հոգալ միայն Արցախի ժողովրդի վերադարձը։
Անդրադառնալով Արցախում հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ Վրթանես Սրբազանը նշեց, որ այդ քաղաքականությունը նոր չէ և սկսվել է դեռ խորհրդային տարիներին։
«Ադրբեջանը միշտ փորձել և փորձում է Արցախի պատմամշակութային հուշարձանները դարձնել իրենը և կեղծ գործընթացներ էին տեղի ունենում։ Պատահական չէ, որ Խորհրդային Միության ժամանակ միակ տարածքը, որտեղ չէր գործում որևէ եկեղեցի, Արցախն էր», - ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Հարակից հրապարակումներ`
- Անիմաստ է խոսել Արցախի լուծարման փաստաթղթի՝ իրավական ուժ ունենալու մասին. Սամվել Շահրամանյան
- Որպեսզի Արցախի վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց կեղծ իբր իրատեսության. Դանիելյան
- Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան
- Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է, սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան