Պաշտոնական վիճակագրությամբ արտահանման աննախադեպ աճ կա, սակայն իրականությունն այլ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.
«Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է:
Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականի առաջին կիսամյակում երկրի արտահանումը հասել է 7.9 միլիարդ դոլարի՝ ավելի քան կրկնապատկելով 2023 թվականի նույն ժամանակահատվածի 3.4 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ոչ այնքան դրական իրականություն:
Առաջին գծապատկերը պատկերում է արտահանման կտրուկ փոփոխությունը: Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանումը դեպի Միջին Արևելք սրընթաց կտրուկ աճել է՝ գերազանցելով նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) արտահանումը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա տնտեսական դիվերսիֆիկացման հաջողություն է, սակայն իրականությունն այլ է:
Առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ ապշեցուցիչ 71%-ը, բաժին է ընկնում մեկ ապրանքատեսակի՝ թանկարժեք մետաղներին և քարերին, որի մեջ գերակշռում է ոսկին: Սակայն Հայաստանը չի ապրում ժամանակակից ոսկու տենդ: Փոխարենը, այն դարձել է Ռուսաստանի ոսկու առևտրի կարևոր հանգույց: 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ոսկու արտահանման 88%-ն անցել է Հայաստանով:
Այս երևույթը վերաարտահանման տիպիկ դեպք է, և այն արմատապես փոխել է Հայաստանի առևտրային պատկերը: Մերձավոր Արևելքը` հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, հանկարծակի դարձել են Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը՝ կազմելով 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր արտահանման գրեթե կեսը (48.2%): Սա հսկայական տեղաշարժ է ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ, երբ ԵԱՏՄ-ն և Եվրոպական Միությունը հիմնական առևտրային գործընկերներն էին:
Ներկայացված աղյուսակը ցույց է տալիս առևտրային հոսքերի կտրուկ փոփոխությունները: ԵՄ արտահանման չափաբաժինը նվազել է 2021 թվականի 21%-ից մինչև ընդամենը 3.6%։ 2024 թվականի առաջին կիսամյակում ԵՄ արտահանումը նվազել է 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 25.1%-ով: Սա պարզապես չափաբաժինների փոփոխություն չէ, այլ հայեցակարգային փոփոխություն, որն ունի հեռուն գնացող հետևանքներ:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի ավանդական արտահանման հետ: Նշենք, որ մենք գնահատել ենք Հայաստանի իրական վերաարտահանման ծավալները՝ օգտագործելով նոր մեթոդաբանություն, որը մանրամասն ներկայացված է Ոսկու տենդ. Հայաստանի արտահանման կեսը վերաարտահանում է հոդվածում: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի «իրական» արտահանումը փաստացի նվազել է: Ըստ մեր գնահատականի՝ 2024 թվականին արտահանման մոտ 75%-ն արդեն վերաարտահանում է, համեմատած 2021 թվականի հետ, երբ այս ցուցանիշը 6% էր: Փաստացի 2024 թվականի առաջին կիսամյակում` առանց վերաարտահանման, իրական արտահանումը կազմել է մոտ 3.2 միլիարդ դոլար, ինչը հազիվ է գերազանցում 2021 թվականի 2.8 միլիարդ դոլարը: Արտահանման թվերը ներառում են նաև վերաարտահանումը։ Այսպես, արտահանումը 2021 թվականի 3 մլրդ ցուցանիշից արդեն իսկ ուռճացվել է մինչև 13 մլրդ դոլարի։ Այսինքն՝ 4.3 անգամ առաջին հայացքից տպավորիչ ուռճացված աճ՝ այս պահին ի հաշիվ ոսկու վերաարտահանման։
Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս սթափեցնող պատկեր: Մինչ ԱՄԷ և Հոնկոնգ արտահանումը (հիմնականում ոսկի) կտրուկ աճում է, այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան արտահանումը նվազում է: Այս «ոսկու տենդը» քողարկում է Հայաստանի իրական տնտեսության, առևտրաշրջանառության և ՀՆԱ անկումը։ Այն ուռճացրել է ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ստեղծելով տնտեսական աճի պատրանք այնտեղ, որտեղ աճը փոքր է: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությունը հպարտացել էր տպավորիչ 9.2% ՀՆԱ-ի աճով:
Մեր գնահատականները ցույց տվեցին, որ այս աճի ցնցող 4%-ը պայմանավորված էր միայն ոսկու վերաարտահանման «արդյունաբերությամբ» (կարդացեք ավելին՝ Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները): Այս հրապարակումն անելուց հետո հոկտեմբերի 20-ին այս թիվը վերանայվեց՝ հասնելով 6.6%-ի: Հիմնական վերանայումը եղավ ոսկու վերաարտահանման «արտադրության» իջեցումը ՀՆԱ-ում` 4 տոկոսային կետից մինչև 1.2 տոկոսային կետ: Սա պարզապես վերանայում չէ, այլ հայեցակարգային փոփոխություն: Թվացյալ աճի միտումից Հայաստանն այժմ գտնվում է լճացման ուղղու վրա»,- գրում է Թավադյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիների գրանցած ՏՏ կազմակերպությունները 6 ամսում կրճատվել են մոտ 4.4 անգամ. Աղասի Թավադյան
- Դատարկ գրպաններ՝ բարձր աշխատավարձերի պայմաններում. Աղասի Թավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին