Արթուր Վանեցյան. Արցախի էջը փակված չէ
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 33 տարի շարունակ տոնը նշել ենք Արցախում։ Այսօր՝ Արցախից դուրս։
Ավելի քան 30 տարի Արցախը եղել է մեր ժողովրդի միասնության, նվիրվածության, ի շահ հայրենիքի ու պետության գործելու կամքի գլխավոր արդյունքը։ Մեր հավաքական սխալների ու բացթողումների հետևանքով Արցախն այսօր կորսված է։ Ընտրությունը մեծ չէ, այն ակնհայտ է՝ կամ վերահաստատում ենք մեր միասնությունն ու մերժում պառակտիչներին, կամ շարունակում կտոր-կտոր կորցնել մեր հայրենիքը։ Կամ որոշում ենք նորից ուժեղ, հավաքական կամք ու արժանապատվություն ունեցող ժողովուրդ դառնալ, կամ շարունակում ապրել ատելության, անարգանքի ու խայտառակության մթնոլորտում։
Ինձ համար ընտրությունը մեկն է՝ վերականգնվել ու նորից լիաթոք շնչել ազատության օդը։
Արցախը եղել և շարունակում է մնալ Հայաստանի անվտանգային համակարգի անքակտելի մասը։ Արցախը և՛ մեր առաջնագիծն էր, և՛ թիկունքը։ Ու քանի դեռ Արցախը հայաթափված է, չկա որևէ երաշխիք, որ Հայաստանը մնալու է հայկական։
Արցախի էջը փակված չէ։ Քաղաքական գործընթացները շարունակվում են։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կրկին վերածվենք քաղաքական օրակարգեր թելադրող սուբյեկտի։ Բոլոր խնդիրները պետք է դասակարգվեն և հերթով լուծվեն։ Մենք չենք կարող մոռացության մատնել Արցախի պետականության սիմվոլ հանդիսացող գործիչների գերությունն Ադրբեջանում։ Մենք չենք կարող հանդուրժել արցախահայության իրավունքների՝ առաջին հերթին սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի անտեսումը։ Մենք չենք կարող հանդուրժել մեր ժողովրդի արժանապատվության շարունակական ոտնահարումը։ Եվ չենք հանդուրժելու։
Սեպտեմբերի 2-ը մեզ համար հենց այդ խորհուրդն ունի՝ չհանդուրժել, պայքարել, լինել ուժեղ, ազատ ու անկախ։ Սրանք են այն արժեքները, որոնց համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհել։ Սրանք են այն արժեքները, որոնք իմաստավորում են մեր կյանքը։
Արցախը եղել և մնացել է մեր սրտերի անբաժան մասը, և մենք երբեք չենք հրաժարվի մեր մեծ երազանքից՝ վերադարձնելու այն։ Մեր ապագան կառուցվում է մեր միասնական ջանքերի և անխոնջ հավատքի վրա, ու մենք պարտավոր ենք շարունակել մեր պայքարը՝ պաշտպանելու մեր հայրենիքի յուրաքանչյուր քարը։
Այսօր, ավելի քան երբևէ, պետք է մեր ուժերը համախմբենք, հիշենք մեր անցյալը և հավատով լցվենք մեր ապագայի նկատմամբ։ Համոզված եմ, որ մի օր կվերադարձնենք մեր կորցրած հայրենիքը:
Շնորհավոր տոնդ, Արցախ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին