Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր.Նիկոլ Փաշինյան
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:
Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:
Նա ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:
«Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Կիրանցը և կեցցե՛ն մեր երեխաները, որոնք այսօր մուտք գործեցին Կիրանցի նորակառույց դպրոց»,- ամփոփել է Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսեք, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 2-ին. Էդգար Ղազարյան
- Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 10 հարց, որ չի հնչելու Նիկոլ Փաշինյանի ասուլիսում․ Նարեկ Մալյան