4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է. Ղազարյան
«Օգոստոսի 30-ի դրությամբ ունենք շուրջ 4300-ից ավելի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմում, շուրջ 3000-ն արդեն ստացել են, Հայաստանի նախագահի հրամանագրերով նրանց շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն»,- այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նա նշեց, որ այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմելու քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված։
«Ինչ վերաբերում է դյուրացված կարգին, արդեն իսկ այն գործում է: «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված է 90 աշխատանային օր: Մոտավորապես 4 ամիս գործում է ստանդարտի պարագայում, իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում հիմնականում գործընթացը միջինում տևում է 2 ամիս:
Բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումներ և դա արագացնում է գործընթացը»,-ասաց Արմեն Ղազարյանը: