Դերասանուհի Արմինե Մացակյանի «Իմ դարի կեսը» գրքի շնորհանդեսը կկայանա Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում
Սեպտեմբերի 7-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Արմինե Մացակյանի «Իմ դարի կեսը» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Գիրքը դերասանուհի Ա.Մացակյանի կյանքի և ստեղծագործական գործունեության ամփոփումն է 55- ամյա հոբելյանի առիթով։
Panorаma.am-ի հետ զրույցում Արմինե Մացակյան ասաց, որ ամուսինը՝ բեմադրիչ Տիգրան Բագրատունին, իր ծննդյան 55-ամյակի առիթով նվեր է արել ու տպագրության տվել գիրքը։
««Իմ դարի կեսը» ինքնակենսագրական գիրք է, իմ կյանքի պատմությունն իմ ծնված օրվանից մինչ օրս։ Իմ ապրած տարիների, իմ ապրած դեգերումների, պայքարի, համառության մասին է... Իմ կյանքի խճանկարի մասին է»,- ասաց տիկին Արմինեն։
Նա նաև նշեց, թե ինչու են որոշել հենց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անել գրքի շնորհանդեսը․ «Այլ առաջարկներ էլ կային՝ պատկերասրահ, գրադարան, Զորյանի տուն-թանգարան, բայց մենք գերադասեցինք մեր հարազատ օջախը՝ մեր անփոխարինելի թատրոնը, որտեղ ես և ամուսինս աշխատել ենք, ստեղծագործել բավականին երկար տարիներ, որը մեր հարազատ տունն է, կոլեկտիվը»։
Գիրքը սահմանափակ տպաքանակով տպագրվել էր Ֆրանսիայում, սակայն որոշվել է, որ պետք է լույս տեսնի նաև Հայաստանում ու ներկայացվի նաև հայ ընթերցասերներին։
Գրքի շնորհանդեսը կկայանա նաև Երևանում։
Արմինե Մացակյանը մինչև 2000 թ. աշխատել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև տեսողությունը կորցնելուց հետո հանդես է եկել նույն բեմում որպես ազատ ստեղծագործող։ Խաղացել է Գ.Ֆիգերեյդո` «Եզովպոս» (Մելի), Մոլիեր` «Ակամաբժիշկ» (Լուսինդա), Ա.Սարգսյան` «Օջախի ծուխը» (աղջիկ), Վ.Սարոյան` «Հեյ ո՞վ կա» (Էմիլի Քեյթ, 2004 թ. արժանացել է «Արտավազդ» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում) և այլ ներկայացումներում։
Դերասանուհին ամուսնու հետ բուժման նպատակով մեկնել է Գերմանիա, որտեղ շարունակել են նաև իրենց ստեղծագործական գործունեությունը։ Արմինե Մացակյանը հիմնականում հանդես է եկել մոնոներկայացումներով։
«Ամուսինս բեմադրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա մոնոներկայացում։ Ես խաղացի բավականին հետաքրքիր պայմաններում՝ Գերմանիայի հայկական եկեղեցիներում։ Եկեղեցում «Մատյան ողբերգության» պոեմը ներկայացնելը լրիվ այլ զգացողություն է, այլ էներգետիկա, ուրիշ աշխարհ»,- ասաց Ա. Մացակյանը։