Հայրերի տոն մտցնելը հարված է հայրերին ու տղամարդկանց. Գեղամ Նազարյան
«Հայրերի տոն մտցնելը հարված է հայրերին ու տղամարդկանց։ Հայրերը նման տոնի կարիք չունեն»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում հունիսի 17-ը Հայրերի օր սահմանելու նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նա միաժամանակ ընդգծեց, որ ներկայացնում է ոչ թե խմբակցության տեսակետը, այլ իր կարծիքը։
Նա նշեց, որ հայրերը պատասխանատու են ամեն ինչի համար, բայց երբ որ հայրերին նույնացնում են մայրերի հետ, այսինքն եթե մայրերը տոն ունեն, ուրեմն հայրերն էլ ունեն, այս ամեն ինչից լավ հոտ չի գալիս։
«Վստահ եմ, որ պետք չէ հայրերի տոն ունենալ, ընդհնարապես, պետք չէ նման տոն ունենալ։
Հայրերի տոնը բոլոր օրերն են։ Տոն չէ, պատասխանատվության օր է։ Հայրերի վրա մի առանձին բեռ կա դրված, էլի։ Հիմա լավագույն հայրն ո՞վ է. ով միայնակ պահել է իր երեխաների՞ն, թե՞ լավագույն հայրը նա է, ով իր երեխաներին կնոջ հետ միասին է լավ պահել։ Նման բան է առաջանալու հասարակության մեջ․ մեկ էլ դասգրքերում տեսնելու ենք, որ լավագույն հայրը մի մարդ է, որը մեր մտածողության մեջ բոլորովին էլ լավագույն հայր չէ։ Նման վտանգներ եմ ես տեսնում այս ամեն ինչից։
Կառաջարկեի դեմ քվեարկել ու հայրերին այս մի լավությունը չանել։
Կարծում եմ՝ որևէ տղամարդ կողմ չի լինի, որ հայրերի օր լինի։ Տղամարդու օրը բանակի օրն է։ Բոլոր տղամարդիկ էլ պարտավոր են հայր լինել»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նստում դրական եզրակացություն է տրվել այս օրենքի նախագծին։