Amnesty Int-ը մտահոգված է Հայաստանի հետ խաղաղության օգտին հանդես եկող ադրբեջանցի գործիչների ձերբակալություններով
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել վերջին օրերին ձերբակալված լրագրողներին ու ակտիվիստներին։
Amnesty International-ի Հարվային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության քննադատների՝ անհանգստություն առաջացնող կալանավորումներն ու ձերբակալությունները չպետք է մնան առանց ուշադրության։
«Միջազգային հանրությունը պետք է վճռական կերպով դատապարտի այն։ Վերջին երկու շաբաթներն՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկու ազդեցիկ հանրային գործիչներ են ձերբակալվել մտացածին մեղադրանքներով, իսկ ուրիշները բախվել են հետապնդումների ու սպառնալիքների։ Լրագրողների և ակտիվիստների հետապնդումները ոչ այլ ինչ են, քան այլախոհությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, հատկապես նրանց դեպքում, ովքեր խաղաղություն են քարոզում Հայաստանի հետ»,-նշել է նա։
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ առաջիկայում Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել COP29 գագաթնաժողովը, և դրան ընդառաջ շատ կարևոր է, որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվության ենթարկեն կառավարությանը մարդու իրավունքների շարունակական խախտումների համար:
«Կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորվել են բացառապես իրենց մարդու իրավունքների իրացման համար»,-ասել է փորձագետը։
Amnesty International կազմակերպությունը հիշեցրել է՝ օգոստոսի 21-ին հետազոտող և ակտիվիստ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել և մեղադրվում է «պետական դավաճանության» մեջ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության քննադատական հոդվածների և հայ ակտիվիստների հետ կապերի համար։ Նույն կերպ հուլիսին ձերբակալվել է թալիշ փոքրամասնության իրավունքների պաշտպան Իգբալ Աբիլովը և մեղադրվում է «պետական դավաճանության» մեջ։ Երկուսն էլ մնում են անազատության մեջ։
Օգոստոսի 23-ին Սամեդ Շիհին, որը Վրաստանում գործող Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացված OC Media-ի հեղինակներից է և Բահրուզ Սամեդովի ընկերը, կալանավորվել և հաջորդ օրն ազատ է արձակվել։ Դրանից հետո ֆեյսբուքյան գրառման մեջ նա հաստատել է, որ Սամեդովը կապեր ունի Հայաստանի քաղաքացիների հետ, ինչը ընկալվել է որպես Սամեդովի դեմ ցուցմունք տալու խոստովանություն։
Սամեդ Շիհիի ընկերներից ոմանք կարծում են, որ նա կարող էր դա գրել ճնշման տակ։ Օգոստոսի 27-ին OC Media-ի մեկ այլ գրող Ջավիդ Աղան կալանավորվել է Բաքվի օդանավակայանում՝ որպես Սամեդովի գործով վկա, և այդ ժամանակից ի վեր մնում է կալանքի տակ: Օգոստոսի 31-ին ձերբակալվել է Իգբալ Աբիլովի փաստաբան Ֆարիզ Նամազլին, երեք ժամ հարցաքննվել և առանց մեղադրանքի ազատվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան