Հայաստանի սահմանապահների կողմից ձերբակալված բելառուս բլոգերն ազատության մեջ է
Ընդդիմադիր հայացքներով հայտնի բելառուս բլոգեր Դիանա Մոսեսենկոյին հայ սահմապահները երեկ առավոտյան ձերբակալել են Վրաստանից Հայաստան գալիս ու որոշել 72 ժամյա կալանքի վերցրել։ Նրանք հայտնել են, որ աղջկա նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև , ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինն ու ավելացրել.
«Ամոթ Հայաստանի դատախազությանը, որը կուրորեն և չմտածված բռնում է Լուկաշենկոյի ռեժիմի կողմից քաղաքական դրդապատճառներով հետախուզվողներին։ Այժմ աղջկան ձեռնաշղթաներով տեղափոխել են ոստիկանության Նոյեմբերյան քաղաքի բաժին։ Մինչև դատավարությունը նա կմնա կալանավորված բանտում, եթե Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակը չհրամայի նրան ազատ արձակել։
Երևի Հայաստանի իշխանությունների համար բավական չէ, որ Լուկաշենկոն բացահայտ վիրավորում և նվաստացնում է հայ ժողովրդին՝ վերջերս հայտարարելով «Հայաստանը ոչ ոքի պետք չէ», իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Լուկաշենկոն Ադրբեջանին վաճառել էր «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր»։
Բելառուսական աղբյուրները գրում են՝ երեք օրը չլրացած բլոգերին ազատ են արձակել։
Փաստաբան Ալեք Միխալևիչը տեղեկացրել է, որ Դիանան ազատության մեջ է, Հայաստանի դատախազությունը որոշել է նրան կալանքի տակ չտանել։ Արտահանձնման վարույթի ընթացքում նրան արգելել են հեռանալ երկրից։
Ավելի վաղ փաստաբանը տեղեկացրել էր, որ բլոգերին մեղադրանք է առաջադրվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով («Հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպելը և նախապատրաստելը կամ դրանց ակտիվ մասնակցությունը»): Բելառուսում նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը տարածել է հայտարարություն, որ «Լուկաշենկոյի ռեժիմի կողմից քաղաքական դրդապատճառներով հետախուզում հայտարարած անձանց ու Դիանա Մոիսենկոյի հարցով շարունակում են աշխատել Հայաստանի ԱԳ նախարարության հետ։
Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը հավաստիացումներ է ստացել, որ Երևանը քաղաքական դրդապատճառներով հետապնդվող Բելառուսի քաղաքացիներին չի արտահանձնի Լուկաշենկոյի ռեժիմին»։