Այս տարի արդեն 16-ամյա 2 դեռահաս երեխա է ունեցել. «Մեր համապատասխան մարմինները պետք է խիստ լինեն»
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է Հայաստանում ամուսնության նվազագույն տարիք սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։
Նախագծի հեղինակ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն ասաց, որ ամուսնության տարիքայի շեմի բարձրացման արդյունքում պետք է բացառել վաղ ամուսնությունները։
Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց 16 և 17 տարեկանում էլ հնարավոր է ամուսնանալ, եթե կա ծնողների համաձայնությունը և ամուսնացողներից մեկն առնվազն 18 տարեկան է․ հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:
Ռուստամ Բաքոյանը առաջարկում է ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարել և օրենսգրքի 50-րդ հոդվածում, որը վերաբերում է ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքներին «ամուսնության մեջ չգտնվող անչափահաս» բառերը փոխարինել «անչափահաս» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ամուսնության մեջ գտնվող անչափահաս» կարգավիճակ այլևս չի լինելու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, դեպք արձանագրվել է ու կա 16 տարեկան աղջիկ, ով երեխա է ունեցել, ինչպե՞ս է սա կարգավորվում, Ռ. Բաքոյանը պատասխանեց. «Խնդիրը համընդհանուր է, ոչ թե կոնկրետ համայնքի ներսում: Երևանից ինչքան հեռանում ենք, մարզերում կա խնդիրը:
Ձեր ասածի պարագայում երեխայի ծնունդը գրանցվում է, բայց ամուսնությունը՝ ոչ: Այստեղ որոշակի հետևանքներ են ունենում, ինչպես հիմա է դա տեղի ունենում: Մեր համապատասխան մարմինները պետք է խիստ լինեն, որ կարողանանք այս խնդիրը լուծել»:
Նիստին ներկա արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ կառավարությունը կողմ է այս նախաձեռնությանը, առնվազն օրենսդրության մակարդակում պետությունը ցույց է տալիս իր վերաբերմունքը վաղ ամուսնությունների նկատմամբ՝ հնարավորություն ստեղծելով այդ հանգամանքը նույնպես հաշվի առնել։
Ըստ նրա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերին շրջանում վաղ ամուսնությունները նվազել են և դրանով պայմանավորված երեխաների ծնունդները գրացված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց խնդիրը դեռևս մտահոգիչ է։
«2007 թվականինի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն՝ 18 տարեկանների շրջանում։ Իսկ 16-ամյա 2 հոգի արդեն երեխա ունեն»,-ասաց նա։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց. «Այս վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ որ բոլոր այս ամուսնությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ տեղի է ունեցել հղիություն։ Հիմա եթե այդ հղիությունը տեղի է ունեցել, բա ո՞նց անենք, գործ ունենք փաստի հետ, դեռահաս աղջիկը հղիացել է։ Սպանենք, որ 18 տարեկանը լրանա՞, նոր օրինակացնե՞նք նրան, նրա անուսնուն, երեխային»։
Ա.Հարությունյանը պատասխանեց. «Երեխայի ծնունդը գրանցվելու է։ Բայց ինչքանո՞վ է պետությունն ազդակ հաղորդում իր երիտասարդ սերդնին այս օրենքի կարգավորումները պահպանելով, երբ մենք թույլ ենք տալիս վաղ ամուսնությունները 16-17 տարեկանների համար, միաժամանակ օրենսդրությամբ համարելով, որ նրանք երեխա են ու ամրագրելով, որ մինչև 18 տարեկան անձը հանդիսանում է երեխան»։