Ես հրաժարական չեմ տալու․ Առուշ Առուշանյան
«Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում, որ քաղաքական խնդիրներ տեսնեմ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, որ իր աջակիցների կարծիքով իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է, քանի որ իշխանությունն ուզում է հողեր հանձնել Սյունիքից, մինչդեռ Առուշանյանը խանգարող հանգամանք է։
Դիտարկմանը, որ այս արտահայտության համար նրան նախկինում էլ քննադատել են, Առուշանյանը նշեց, որ մարդիկ իրականությունը քաղաքական կոնտեքստում են դիտարկում, և վերջին շրջանում ակտուալ է դարձել կարծիք արտահայտելն ու դրա համար պատասխանատվություն չկրելը. «Տանը բազմաշոցին նստած ստատուստներ գրելը ամենահեշտ գործն է այսօր։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել։ Կարծում եմ՝ եթե իրեն սուբյեկտիվ դաշտից դուրս գան, այլ իրականություն կտեսնեն»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ «մենք ենք մեղավոր, որ Առուշանյանից Նժդեհ ենք կերտել, իլյուզիաներ ենք ունեցել իր հետ կապված, բայց նա Փաշինյանի առաջ կոտրվեց տղայականով էլ, ոչ տղայականով էլ», նա պատասխանեց. «Ով նման հայտարարություն է արել, կհանդիպենք դեռ փոքրիկ, անկախ՝ ով է արել»։
Անդրադառնալով պրոբացիայի ծառայության կողմից իրեն ազատազրկելու պահանջին, Ա. Առուշանյանն ասաց. «Հիմա էլ եմ ասում՝ պետական ցանկացած սուբյեկտի հանդեպ հարգանք ունեմ։ Եթե պայմանական իքս սուբյեկտում անձը վատը լինի, նշանակում է սուբյեկտը վա՞տն է։
Պրոբացիայի ծառայությունից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթներն են կատարում, ես էլ իմ իրավունքներն եմ պաշտպանում։ Մենք պետականամետ մարդիկ ենք»։
Առուշ Առուշանյանը նաև ասաց. «Ես հրաժարական չեմ տալու։ Ինձ ժողովուրդն է ընտրել։ Երկրորդ անգամ կալանքում եմ եղել, մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել ժողովուրդը։ Ավագանին էլ, եթե օրենքի տեսակետով նայենք, ինձ պաշտոնանկ անելու լիազորություն չունի։ Մնացածն էլ դատարանը կորոշի»։
Հիշեցնենք, որ Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող Առուշ Առուշայանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Այսօր առաջին դատական նիստն է։
Ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝ Առուշանյանը զրկվում է համայնքապետի պաշտոնից և ևս 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքապետը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու 14 անդամներ նիստում միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարելը, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Ուստի Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Դատարանում կվճռվի համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը
- «Հրապարակ». Առուշ Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
- Պրոբացիայի ծառայության դեմ Առուշ Առուշանյանի բողոքը մերժվել է
- Վստահ եմ, որ նա ընդդիմադիր է․ Սրբազանն՝ Առուշ Առուշանյանի մասին
- Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, ես մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ. Առուշ Առուշանյան. «Հրապարակ»
- Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան
- Դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի պաշտպան
- Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
- Քաղաքականությունն ինձ համար այնքան էլ կոմֆորտնի գոտի չի. Առուշ Առուշանյան