Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է «Ազատության» տեղեկությունները։
Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։
«Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։ Սա Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվեցին մեկնաբանել։
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որ ավելի քան երկու տարի դատարանում է։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է Մամիկոն Ասլանյանին չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել: Ի տարբերություն նախկին համայնքապետի՝ ճարտարապետ Սուրեն Աբովյանը որևէ օր անազատության մեջ չի անցկացրել ու քրեական գործին զուգահեռ շարունակել է պաշտոնավարել Վանաձորի համայնքապետարանում։
Դեռ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին նաև համայնքապետարանի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինը, ինչպես նաև Առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժինը, որից հետո քրեական վարույթ էր հարուցվել։ Իրավապահների կասկածներն այս դեպքում էլ վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ այսօր այս գործով ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ Հակակոռուպցիոնը որևէ մանրամասներ է հրապարակում։
«Ազատությանը» հայտնի է միայն, որ ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել արդեն վերջին տարիներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օրոք։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը ավտովթարի է ենթարկվել
- Վանաձորում թալանել են հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկան. պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին