Ասում են՝ էս պատն ա, էս էլ փշալարն ա` ամենաուժեղ անվտանգության միջոցը. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը երեկ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էլ Կիրանցի նորակառույց դպրոց, որը գտնվում է սահմանազատված հատվածից 40-50 մետր հեռավորության վրա։
Փաշինյանն այնտեղ հայտարարել էր, թե Կիրանցն այսօր առավել, քան երբեւէ, անվտանգ է։
«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,-հայտարարել էր նա։
Կիրանցի Անդրանիկ Նազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ Կիրանցը ապահով է 1992 թվականից, իսկ էս աշխարհում ոչ մի բան երաշխիք չկա, որ ապահով կլինի․ «Ինչքանո՞վ է ապահով, եթե ադրբեջանցի սահմանապահը պատի տակով կարող է անցնի, քայլի։ Ես չեմ համարում դա ապահով, միգուցե դա իր սուբյեկտիվ կարծիքն է, ես ու մեր գյուղի մեծամասնությունը չենք կիսում իր կարծիքը։ Էս դպրոցը, բան չունեմ ասելու, շատ լավ սարքված է, ես ներսում չեմ եղել, բայց արտաքինից լավ է, բոլորն էլ ասում են, որ շատ լավ է սարքված, վիճակը որպես շինությունը գերազանցում է հին դպրոցին, բայց ապահովության մասին՝ չգիտեմ․ թշնամու կետից 50 մետր հեռավորության վրա գտնող դպրոցը ինչքա՞ն ապահով կարող է լինել։ Ո՞վ կարա ասի՝ ոնց կարա լինի։ Վերջապես, եթե ինչ-որ մի գործողություն արվի թշնամական երկրի կողմից, 50 մետր հեռավորության դպրոցից ո՞նց կարան էդ էրեխեքին էդտեղից հանեն»։
Անդրադառնալով հայտարարություններին, թե անվտանության միջոցներ կձեռնարկվեն, Անդրանիկ Նազարյանն ասել է, թե այդ միջոցների մասին չի նշվում․ «Ասում են՝ էս պատն ա, էս էլ փշալարն ա, ամենաուժեղ անվտանգության միջոցն ա»։
Նա նշել է, որ աշակերտների մի մասն է այսօր գնացել նոր դպրոց, ոմանք չեն գնացել, ոմանց էլ ծնողները հարևան գյուղի դպրոցներ են տարել․ «Չենք կարա ասենք՝ դա վախկոտություն ա, նորից եմ կրկնում, եթե սահմանային հենակետը 100 մետր է հեռու, դա որքանո՞վ է ապահով»։
Գյուղից մի քանի կանայք դպրոցի ժապավենը կտրելու արարողությանը ներկա են եղել, դա Անդրանիկ Նազարյանը կապում է նրա հետ, որ մի քանիսը դպրոցում է աշխատում, մի երկուսը դպրոցում աշխատող հարազատ ունի․ «Գիտեք մեր երկրում ոնց ա, սովետական բանակի պես է, եթե տնօրենն ասում ա՝ էդպես էլ անում են․․․Ես մեր վարչապետ կոչվածի հանդեպ որ հատուկ արհամարհանք ունեմ, աշխատել եմ այդ օրը գյուղում չլինել, ես հետ եմ եկել, տեսել եմ, որ մեր գյուղի հատուկենտ մարդիկ են եղել։ Մեր դպրոցում ավելի շատ երեխա պետք է լիներ, բայց ծնողները տեղափոխել են, նրանք առաջին պատճառը նշում են՝ անվտանգությունը։ Հո մենակ էդ սահմանի հարցը չի․ պատից 50 մետր այն կողմ զինված հենակետ ունեն, սահմանապահների բազան է, իրենց կազարման է։ Եթե առաջ սահմանը 2-3 կիլոմետր հեռավորության վրա էր, երբ հարձակում, որ լիներ, մենք ժողովրդին, էրեխեքին կարող էինք տարհանել, տանել թիկունքը, ինչքան հնարավոր էր խորը, բայց հիմա պատկերացրեք 50 մետրը որտեղ, 2 կիլոմետրը որտեղ։ Այդ պատը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, ինչ-որ ներխուժման ժամանակ պահի, որ կարողանանք էրեխեքին տարհանել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։