ԿԳՄՍՆ առաջարկում է՝ մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանել
Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ, ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվող նախագծի համաձայն, առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «ազգային» բառը «պետական» բառով փոխարինելը խնդրահարույց համարեց. «Սա բացատրական բառարան չէ, որ խոսենք բառերով։ Խոսում ենք իրավական հասկացություններով․ «ազգայինը» կարգավիճակ է, որն ունի սահմանում, «պետականը» կարգավիճակ է, որն ունի սահմանում։ Դուք ասում եք՝ բառն ենք փոխում։ Օրենքում բառերն ունեն նշանակություն, փիլիսոփայություն, իրենց հետ բերում են համապատասխան պարտականություններ՝ սահմանված օրենքով»։
Օրինակի համար նշվեց` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, օրենքի փոփոխությունից հետո կդառնա Սունդուկյանի անվան պետական թատրոն։
«Տրամաբանությունն այն է, որ տարբերակումներ չլինեն, մեկը չմտածի, որ ինքն ազգային չէ, ուրեմն երրորդ կլասի թատրոն է, չորրորդ կլասի գրադարան է»,- բացատրեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը։
Դանիել Դանիելյանն էլ նշեց. «Մենք ասում են՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական, պետականություն բառերը»։
Նիստին ներկա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Պետությունն է բարձրագույն արժեքը, հետևաբար մեր սանդղակը պետք է կարգաբերվի դրա համեմատ և օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»: