Երուսաղեմի հայկական լուսանկարչությունը 19-րդ և 20-րդ դարերում. Ցուցահանդես՝ Հունգարիայում
Բուդապեշտի Պազմանի Պետեր Կաթոլիկ Համալսարանի Հայագիտական բաժինը Հունգարիայի Գեղարվեստի Համալսարանի հետ համագործակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը կազմակերպում է Երուսաղեմի հայկական լուսանկարչությանը նվիրված ցուցահանդես և գիտաժողով։ Այս մասին հայտնում է orer.eu կայքը։
Հունգարիայի Գեղարվեստի Համալսարանի «Աուլա» սրահում կայանալիք «Հայացք դեպի հավերժություն․ Երուսաղեմի հայկական լուսանկարչությունը 19- և20-րդ դարերում» ցուցադրությունը ներկայացնում է սրբության գաղափարը բնանկարների, քաղաքային միջավայրի, պատրիարքների դիմնակարների և աշխարհիկ կյանքը պատկերող լուսանկարների միջոցով՝ այսպիսով միավորելով հոգևորն ու աշխարհիկը Երուսաղեմի հայ սփյուռքի համատեքստում։
Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը տեղի կունենա մեկօրյա գիտաժողով Հունգարիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Քաթարի և Հունաստանի անվանի գիտնականների մասնակցությամբ։ Հետագայում կտպագրվի նաև կատալոգ գիտաժողովի մասնակիցների հոդվածներով Կարէն Ջալլաթեանի խմբագրությամբ։
Ցուցահանդեսի համադրող Դիանա Ղազարյանը, ով Պազմանի Պետեր Համալսարանի Հայագիտական բաժնի ասպիրանտուրայի ուսանող է, նշել է, որ այս միջոցառումը ոչ միայն հիանալի հնարավորություն է Երուսաղեմի հայկական սփյուռքի արվեստը ներկայացնելու Եվրոպայի կարևոր մայրաքաղաքներից մեկում, այլ նաև նշանակալից քայլ հայ-հունգարական փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում։