Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել. «Հետք»
Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
«Հետք»-ի հաղորդմամբ, Արմավիրի մարզպետի աշխատասկազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։
Ասթինե Ապիտոնյանի խոսքերով, սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։
Panorama.am-ը դիմեց առողջապահություն նախարարություն՝ Արմավիրում արձանագրած դեպքերի մասին տեղեկատվություն ստանալու համար։ Սակայն նախարարությունից ժամանակ խնդրեցին՝ «Հետք»-ի հրապարակած տեղեկությունը ճշտելու, մանրամասներ հայտնելու մասին։
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների, օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք է հաստատվել։
«Հետքը» գրել է, որ Հայաստանում տարբեր տվյալներով 35-42 տեսակի մոծակ կա: Մոծակները բազմաթիվ վիրուսային, բակտերիալ, մի շարք մակաբուծային (պարազիտային) հիվանդություններ փոխանցողներ են: Հետևաբար, դրանցից զգուշանալ պետք է, քանի որ, մասնագետի փոխանցմամբ՝ չգիտես, թե ինչ կարող են փոխանցել:
Հայաստանում լավ ուսումնասիրված է Արարատյան դաշտը, որտեղ մոծակների հետաքրքիր ֆաունա կա: Բացի դրանից՝ այս հատվածը համարվում է մալարիածին օջախ: Այդտեղ հանդիպում է մալարիայի մոծակների (անոֆելես ցեղի) 6 տեսակ:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման լաբորատոր հաստատված է 92 դեպք
- Հայաստանում դեռևս 40 տարի առաջ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը
- Թուրքիայում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր է գրանցվել
- «Փաստ». Արևմտյան Նեղոսի տենդի մասին ինչո՞ւ են լռում փորձագետները, բժիշկները, ոլորտի մասնագետները
- Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք
- Կանխարգելիչ միջոցառումներ՝ Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան