Գրքի երևանյան փառատոնի այցելուները կարող են համտեսել իրենց սիրելի գրողների նախընտրած ուտեստները, կոկտեյլները
Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Փառատոնը ունի երեք պարտադիր բաղադրիչ մաս՝ գրքի տոնավաճառ, միջոցառումներ, գրական մրցանակաբաշխություն։
Փառատոնի ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնի գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ) կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:
Փառատոնի կազակերպիչներն ընդգծում են, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության ոլորտում իր մասշտաբներով ամենամեծն է։
Ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց, որ այս փառատոնը նախարարության կողմից հիմնած լավագույն ծրագրերի շարքում է, քանի որ յոթ տարի անցկացվում է և իր կարևորությունը, դինամիկան պահել է։
Նա նշեց, որ այս փառատոնի նպատակն էր ստեղծել միջավայր, որտեղ գրքի կյանքի շղթաների բոլոր էտապները իրականացվեն՝ հեղինակի կողմից գիրք գրելու գաղափարից մինչև գրահրատարակչություն, դիզայներ, սպառող, ընթերցում։
Փոխնախարարի ներկայացմամբ, ամեն տարի փառատոնի այցելուներն ավելանում են և այս տարի կանխատեսում են 15 հազար այցելու։
«Ունենալու ենք 100-ից ավելի մասնակից գրողներ, որոնց համար հետաքրքիր հարթակ է, քանի որ մասնակցելով միջազգային փառատոնին՝ միանգամից նրանց անունները, գրքերը, առաջարկները երևում են ողջ աշխարհում»,- ասաց Դ.Դանիելյանը։
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, Գրքի երևանյան միջազգային փառատոնի համակազմակերպիչ Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնն իսկապես գրական տոն է Երևանի ու երկրի համար։
Նա հայտնեց, որ փառատոնն այս տարի առանձնանում է մի շատ յուրահատուկ նախաձեռնությամբ. «Փառատոնի շրջանակում երեք օր շարունակ կցուցադրվի թանգարանային մեկ առարկա։ Գրականության և արվեստի թանգարանում է պահվում հայ, սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների, ոլորտի երևելիների անձնական արխիվները։ Դրանք ներառում են ոչ միայն գրական ժառանգության նմուշներ, նաև անձնական իրեր՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր և այլն։ Հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենասիրելի, ամենալուսավոր դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին։ Այն սովորական մատանիչ չէ, կիսաթանկարժեք, երկշերտ քարով պատրասված ոսկե մատանի է, Մեծարենցին նվիրել է մայրը։ Բանաստեղծն այն կրել ու փայփայել է իբրև իր կյանքի ամենաթանկարժեք գանձ։ Հետագայում թանգարանին է փոխանցել գրողի եղբոր դուստրը։ Նվեր ստանելուց հետո բանաստեղծը մատանու վրա փորագրել է տվել Հովհաննես Ավետարանչի առաջին թղթից հետևյալ տողը՝ «Կատարեալ սէր՝ մերժե զերկիւղ»։ Նշանակում՝ իրական, կատարյալ սերը մերժում է վախը։
Վստահ ենք, որ Միսաք Մեծարենցի հոգուց, մատանուց ճառագած կատարյալ սերը փոխացվելու է փառատոնի բոլոր մասնակիցներին, ցուցադրության այցելուներին»։
Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն ասաց, որ գրական մրցույթի համար այս տարի, նախորդ տարվա համեմատ, կրկնակի ավելի հայտեր են ստացել։
«Գրական մրցույթն անցկացվում է անանուն, ժյուրին հստակ չափորոշիչներով գնահատում է ու ընտրություն կատարում։ Մենք արդեն ունենք հաղթողների անունները պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն անվանակարգերում։ Հաղթողների անունները կհրապարակվեն փառատոնի փակման օրը՝ սեպտեմբերի 8-ին»,- նշեց նա։
Փառատոնի օրերին նախատեսված են ներկայացումները, որոնց մուտքը գրքով է։ Իսկ մնացած բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
«Փառատոնի օրերին կունենանք գրական սրճարան, որը նորույթ է։ Փառատոնի այցելուները կարող են վայելել սիրելի գրողների սիրած ուտեսtները, խմիչքները, օրինակ, Չարենցի, Սևակի սիրելի կոկտեյլները, ուտեստները, Թումանյանի սիրելի գաթան,- ասաց Ա. Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսնայութում։