Լոռու մարզում գործող պանրի արտադրամասում չեն իրականացվել լվացման, ախտահանման, կրծողների ոչնչացման գործընթացներ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ:
Այսպես.
արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը,
արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները,
չի բացառվել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը արտադրական շինությունների տարածք,
չի ապահովվել տեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
արտադրական շինություններն ապահովված չեն եղել սանհանգույցներով,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ: