ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը մանրամասներ է հայտնել հոսանքի անջատումների խնդրից
«Հուլիս, օգոստոս ամիսներին էլեկտրաէներգիայի ամենաբարձր ծախսն է գրանցվում բնակիչների կողմից։ Արդյունքում մոտ 33 հազար բաժանորդ մնացին մեկ սնուցման վրա ու բարձր բեռով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ ներկայացնելով հանրապետության տարածքում հաճախակի դարձած հոսանքազրկումների պատճառները։
Նա հիշեցրեց, որ հուլիսի սկզբին Երևանի հիդրոէլեկտրակայանում բռնկված հրդեհի հետևանքով ՀԷՑ-ի Ծիծեռնակաբերդ, Պուրակ, Մյասնիկյան, Մերգելյան, Չարենց ենթակայանների ծանրաբեռնվածությունը խիստ մեծացել է։ Մինչ հրդեհը դրանք ունեին երկու սնուցում, իսկ վթարից հետո՝ մեկ սնուցում։
«Ամեն վթարի դեպքում մինչև մենք մալուխը չէինք վերանորոգում, էլեկտրամատակարարումը չէինք կարող վերականգնել։ Կրկնեմ, որ վթարը Երևանի հիդրոէլեկտրակայանում էր, որը մեզ հետ որևէ կապ չունի, բայց բաժանորդները մնացին միակողմանի սնուցմամբ, ինչը հանգեցրեց վթարների վերացման ավելի երկար ժամանակի ու բաժանորդների հոսանքազրկման»,-ասաց նա։
Կարեն Դարբինյանի խոսքով, եթե ժամանակին իրենք ներդրումներ չանեին ու 2016-2020թթ. 17 մալուխագիծ անցկացրած չլինեին, ապա այդ բաժանորդները հոսանքազուրկ էին մնալու մինչև օգոստոսի 26-ը, երբ վերացվեց վթարը։
«Նախատեսված էր վթարը վերացնել օգոստոսի 10-ին, սակայն մալուխների ներկրման հետ կապված խնդիրներ առաջացան Լարսում, ինչի հետևանքով խնդրի լուծումը երկարեց մինչև օգոստոսի 26-ը։ Որպեսզի պատկերացնեք իրավիճակը, Կենտրոն վարչական շրջանի բեռը 2000 թ. համեմատ աճել է 8-10 անգամ, 2016-ի եղել է 60 մվտ, հիմա 120 մվտ է»,-ասաց նա։